Նախատեսվում է բացել Հայաստանում հայ-ռուսական համատեղ հումանիտար կենտրոն

15:36 • 16.10.12

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովի հետ և ստորագրել ՀՀ տարածքում համատեղ հումանիտար կենտրոն ստեղծելու վերաբերյալ ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև մտադրությունների մասին արձանագրությունը:


Ըստ ԱԱԽ մամուլի հաղորդագրության՝ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:


Նույն օրը Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։


Երկու երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների ներկայացուցիչների ընդլայնված կազմով հանդիպումը:

 

Մասնակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

 

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևը կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրել են արձանագրություն, որում ամրագրվել են ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները: