Ղրղըզստանի նախկին նախագահի որդին Լոնդոնում գրավի դիմաց ազատ է արձակվել

01:28 • 16.10.12

Լոնդոնում ձերբակալվալ Ղրղըզստանի նախկին նախագահի որդի Մաքսիմ Բակիևը գրավի դիմաց ազատ է արձակվել մինչև դեկտեմբերի 7-ը, մինչ այդ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կքննարկեն նրա ԱՄՆ-ին արտահանձման հարցը, հաղորդում է ВЗГЛЯД-ը` հղում կատարելով Deutsche Welle-ին:

 

Միևնույն ժամանակ, Բիշքեկում 2010թ. տեղի ունեցած անկարգություններից տուժածների և զոհվածների հարազատները դիմել են ԱՄՆ իշխանություններին խնդրանքով՝ աջակցել Մաքսիմ Բակիևին Ղրղըզստան վերադարձնելուն:


«Եթե Բակիևին հնարավոր չէ հանձնել Ղրղըզստանին, ապա մենք խնդրում ենք ԱՄՆ-ին նրան դատապարտել», - ասվում է Բիշկեկում 2010թ. ապրիլին զոհվածնրի հարազատների և տուժածների «Հայրենիքի համար ընկածներ» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ:


Մեծ Բրիտանիայի Ղրղզստանում դեսպանատանը ևս հաստատել են, որ 34-ամյա Մաքսիմ Բակիևը Լոնդոնում ձերբակալվել է ԱՄՆ իշխանությունների կողմից արտահանձման խնդրանքի հիման վրա:

 

ԱՄՆ-ում Մաքսիմ Բակիևը կասկածվում է ղրղըզական Մանաս ավիաբազայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերին մատակարարվող վառելանյութի հետ կապված խարդախությունների մեջ:


Հիշեցնենք, որ 2010թ. Ղրղըզստանում պետական հեղաշրջում տեղի ունեցավ, որի արդյունքում իշխանությունը անցավ ժամանակավոր կոալիցիոն կառավարությանը, որը կազմված էր ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից: Այդ հեղաշրջման ժամանակ զոհվեց մոտ 90 մարդ, ավելի քան հազար մարդ վիրավորվեց: