Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ստեփանակերտում Պոեզիայի փառատոնի մասնակիցներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին, այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ուղերձում ասված է.
«Հարգելի բարեկամներ,
Ուրախ եմ ողջունել պոեզիայի միջազգային փառատոնի բոլոր մասնակիցներին և հյուրերին:
Մենք չափազանց կարևորում ենք փառատոնի անցկացումն Արցախում և մեծ սիրով ենք մեր հինավուրց հայկական հողում հյուրընկալում աշխարհի տարբեր երկրներից ժամանած հանրաճանաչ բանաստեղծներին:
Հայկական մշակույթը հանդիսանում է աշխարհի ամենահին ու հարուստ մշակույթներից մեկը, որտեղ միշտ իր ուրույն տեղն է զբաղեցրել բանաստեղծական արվեստը: Գրչի հայ տաղանդավոր վարպետները ստեղծել են այնպիսի մնայուն ու մեծարժեք գործեր, որոնք դարձել են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի գոհարներ:
Այսօր էլ, իրականացնելով գրավոր խոսքի կերտման և մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման կարևոր առաքելությունը, գրողներն իրենց ստեղծագործություններով ոգեշնչում են հարազատ ժողովրդին, կրթում ու դաստիարակում սերունդներին` սերմանելով ինչպես ազգային, այնպես էլ համամարդկային արժեքները:
ԼՂՀ իշխանությունները բարձր են գնահատում գրողի և գրականության դերը մեր իրականության մեջ և պատրաստակամ են այսուհետ էլ հնարավորինս աջակցել նրա զարգացման գործին: Այս տեսանկյունից ենք հենց կարևորում նման միջոցառումների անցկացումը մեր հանրապետությունում, ինչը լավ հնարավորություն է նաև նոր կապերի հաստատման, Արցախը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար:
Թանկագին բարեկամներ, մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք և նորանոր ստեղծագործական հաջողություններ»:










