ՀԱԿ-ը հանրահավաք չի անում, քանզի դեռ չունի մեկ հարցի պատասխան. Լևոն Զուրաբյան
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը հանրահավաք չի անում, քանի որ դեռևս չունի ժողովրդի կողմից սպասվող մեկ հարցի պատասխանը, այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀԱԿ համակարգող, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նա խոստովանեց, որ իրենք, թեև խոստացել էին, որ սեպտեմբերին հանրահավաք կանեն, սակայն, չարեցին, քանի որ «ժողովուրդը սպասում է մեկ հարցի պատասխանի՝ թե որն է լինելու ՀԱԿ-ի մարտավարությունը առաջիկա նախագահական ընտրություններին:
«Իսկ քանի որ մենք այդ հարցի վերջնական պատասխանը դեռ չունենք, ինչքանո՞վ ճիշտ կլիներ մարդկանց հավաքել և այդպես էլ դրա մասին չխոսել: Կարծում եմ, որ մարդիկ դա չէին հասկանա»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ բնական է՝ հանրահավաք կանեն այդ հարցում լիակատար պարզության դեպքում:
«Քանի որ նախագահական ընտրությունների նախաշեմին ենք, պետք է ժողովրդի առաջ հանդես գանք, երբ պատասխանը ունենանք ձևակերպված»,- բացատրեց նա:










