Ռուսաստանը «գցեց» Բելառուսին. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը «գցել» է Բելառուսին՝ անդամակցելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Դուք գիտեք, որ ԱՀԿ-ն ավելի շատ քաղաքական կազմակերպություն է։ Մեզ աքացի էին տալիս, և՛ Ռուսաստանին, և՛ Ղազախստանին, և՛ Բելառուսին, և՛ այլ հետխորհրդային երկրներին»,- ասել է Լուկաշենկոն։
Նա լրագրողներին է ներկայացրել մի պատմություն, որը, ըստ նրա, վկայում է իր երկրին «գցելու» մասին։
«Վլադիմիր Վլադիմիրովիչն ասում էր (հանդիպումներից մեկի ժամանակ-Tert.am), թե Մաքսային միության ու միասնական տնտեսական տարածքի ստեղծումն առաջնահերթություն է։ Մեկ ժամ անց գալիս է մի գործիչ, անունը չեմ ուզում նշել, և նախագահի մոտ ասում է, որ Ռուսաստանի առաջնահերթությունն է ԱՀԿ-ն։ Ես ասացի՝ նայեք, հետո չստացվի այնպես, որ «գցեք» մեզ՝ անդամակցելով ԱՀԿ-ին»,- պատմել է նա՝ հավելելով, որ«իսկ այժմ դատեք ինքներդ»։
18 տարի տևած բանակցություններից հետո Ռուսաստանը վերջերս պաշտոնապես դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության 156-րդ լիիրավ անդամը:










