Սիրիական օդանավերը Թուրքիայի օդային տարածքը կփոխարինեն այլ երկրներով

09:36 • 16.10.12

Հալեպ-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնող «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն ստիպված է շրջանցել Թուրքիան Սիրիա ուղևորվելու դեպքում, այն բանից հետո, երբ Թուրքիան սիրիական ինքնաթիռներին արգելեց օգտագործել իր օդային տարածքը։ Սա նշանակում է, որ մոտ 1,5 ժամ տևողությամբ թռիչքը կարող է հասնել մինչև մոտ 4 ժամի:


Ըստ Սիրիայում բնակվող հայ համայնքի մեր աղբյուրների հաղորդած տեղեկությունների՝ Թուրքիայի օդային տարածքը կփոխարինվի Իրանի և Իրաքի օդային տարածքներով:


«Ինքնաթիռներն այլ տարածքներով կթռչեն»,- Tert.am–ի հետ զրույցում «Սիրիական ավիաուղիների» հայաստանյան գրասենյակից տեղեկությունները հաստատեցին՝ առանց, սակայն մանրամասնելու այդ երկրները:


Ենթադրվում է, որ թռիչքային ժամանակի երկարաձգումը կհանգեցնի տոմսերի գնի ավելացմանը:


«Սիրիական ավիաուղիներից» ի պատասխան հայտնեցին, որ այս պահին գնի փոփոխություն նախատեսված չէ, և երեկ էլ տոմսերը վաճառվում էին նույն գնով:


Նշենք, որ այսօր կկայանան Հալեպ-Երևան և Երևան-Հալեպ չվերթները:


Քանի որ թուրքական քաղավիացիայի արգելանքը վերաբերում է միայն սիրիական ավիաընկերություններին պատկանող ինքնաթիռներին, փորձեցինք Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայից պարզել, թե արդյոք նպատակահարմար չեն համարում վերականգնել սեպտեմբերի 17-ից դադարեցված թռիչքները:


«Ո՛չ, մենք չենք թռնելու։ Մենք սեպտեմբերի 17-ից դադարեցրել ենք մեր թռիչքները, որովհետև մարդիկ չէին գնում տոմսերը»,- ասաց Նանա Ավետիսովան:


Նշենք, որ սիրիահայերը գերադասում էին գնել տոմսեր «Սիրիական ավիաուղիներից», քանի որ այս փոխադրողի պարագայում տոմսն արժեր մոտ 400 դոլար, իսկ «Արմավիան» նույն տոմսերը վաճառում էր միջինը 600 դոլար։