Հայոց ցեղասպանության ցավն արտահայտված է իմ ձայնում. Սերժ Թանկյանի հարցազրույցը Huffinghton Post-ին

12:40 • 16.10.12

Ամերիկյան հեղինակավոր Huffinghton Post հանդեսը հրապարակել է աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանի հետ հարցազրույցը, որտեղ երաժիշտը խոսել է իր նոր ալբոմի՝ Harakiri-ի, System of a Down-ի հետ համատեղ շրջագայության և հայ ժողովրդի դառն անցյալի՝ իր ձայնի վրա ունեցած ազդեցության մասին։

 

«Երբ առաջին անգամ System of a Down ռոք խումբը ներկայացրեց իր անդրանիկ հիթը, ակնհայտ զգացվեց, որ նրանց երաժշտությունն ու զգացմունքայնությունն ինչ- որ այլ արմատներ ունեն, միանգամայն այլ տեղից են գալիս։ Սերժ Թանկյանի ձայնի մեջ «աղաղակում» է մշակութային պատմությունը, որը, զվարճացնելուց բացի, նաև կրթում է։ Կարծում եմ, որ շատ շատերը չէին էլ իմանա Հայոց ցեղասպանության մասին, եթե չլիներ Թանկյանի ակտիվ գործունեությունը»,- նախաբանում գրում է լրագրող Էնդրյու Ֆիշը։

 

Ինչ վերաբերում է երաժշտական կարիերային, ապա, ըստ Ֆիշի, «Թանկյանի վերջին ալբոմում՝ Harakiri-ում, երաժշտության միջոցով Թանկյանը խոսում է այնպիսի հրատապ թեմաների մասին, ինչպիսիք են շրջակա միջավայրի քայքայումը, իսրայելապաղեստինյան հակամարտությունը, ռեալիթի շոուներով (իրապատում հաղորդում) հագեցած հեռուստատեսությունը և ամերիկյան կորպորատոկրատիան, ինչը ստեղծում է մի միջավայր, որտեղ խոշոր կորպորացիաները չափից ավելի մեծ ազդեցություն են ունենում երկրում իրականացվող քաղաքական որոշումների վրա»։

 

Ալբոմի վերնագրի ընտրության հարցում Թանկյանին «ներշնչել» է 2011 թ.-ին ձկների և թռչունների զանգվածային վերացումը, որը երաժիշտը բնութագրում է որպես «հարակիրի»՝ սամուրայների ավանդական ինքնասպանություն։

 

Ինչ վերաբերում է System of a Down-ի հետ համաշխարհային շրջագայությանը, ապա Թանկյանը ժպիտով ասում է, թե չգիտի՝ ինչպես է դա պատահել։ Նա նշել է, որ միշտ կապի մեջ է եղել խմբի մյուս անդամների հետ, և որ նրանք բազմիցս համատեղ շրջագայության առաջարկներ են ստացել, սակայն իրենց գրաֆիկների անհամատեղելիության պատճառով դա տեղի չէր ունենում։ Վերջիվերջո բոլորը համաձայնել են միասին հանդես գալ, և սկզբում ծրագրել են մի քանի ելույթներ ունենալ Լոս Անջելեսում, սակայն արդյունքում դա վերածվել է համաշխարհային շրջագայության։

 

 Վերջում լրագրողը Թանկյանին ուղղում է հետևյալ հարցը. «Ինձ միշտ հետաքրքրել է Ձեր անցյալի ունեցած ազդեցությունը Ձեր ձայնի վրա»:


«Կարծում եմ, որ անցյալիս՝ ձայնիս վրա ունեցած ազդեցությունն արտահայտվում է մելանխոլիայով, ինչը, անշուշտ, բնորոշ է իմ ժողովրդին, հայ ժողովրդին, որը 600 տարի շարունակ ապրել է Օսմանյան կայսրության տիրապետության ներքո։ Հայոց ցեղասպանության ցավը ևս արտահայտված է իմ ձայնում։ Դա մի երևույթ է, որն ինձ համար անչափ բարդ է բացատրել»,- ասել է Թանկյանը։