Գերմանացի երգչին դատել են թուրք ներգաղթյալների մասին երգի պատճառով

16:39 • 16.10.12

Գերմանացի երգիչ Դենիել Գիզեին դատապարտել են 7 ամսվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև 600 եվրո տուգանքի՝ նեոնացիստական մի կազմակերպությանը նվիրված երգի համար, որի զոհերը դարձել էին 9 թուրք ներգաղթյալներ։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, դատական քննարկման առարկա է դարձել «Ադոլֆ Հիտլերը կենդանի է» ալբոմի՝ 2010թ.-ին ձայնագրված երգերից մեկը։


Մասնավորապես, դատարանի ուշադրությանն են արժանացել երգի այն տողերը, որտեղ ասվում է, որ «դյոներում»(արաբական շաուրմայի թուրքական անվանումը- Tert.am) իշխում է վախն ու սարսափը, նա կգա և նրանք կսատկեն, ինչպես նաև ասվում է,որ «9-ը բավարար չեն»։


Պաշտպանվող կողմի փաստաբանը՝ Համբուրգից, պնդել է, որ երգում չկան ծայրահեղական մոտեցումներ։ Սակայն ինչպես պարզվել է հետագայում, նա էլ հեռու չէ նեոնացիստների շրջանակներից և նրա եզրակացությունները չեն ազդել դատավարության վրա։
 

Երգը նվիրված է եղել NSU ծայրահեղական խմբավորմանը, որը սպանել էր օտարերկրացիների, հիմնականում՝ թուրքերի։  Զոհերից մի քանիսը եղել էին շաուրմայի կետերի տերեր, ինչը տարածված զբաղմունք է Գերմանիա ներգաղթած թուրքերի համար։
 

Հենց այդ պատճառով էլ NSU-ին մամուլում սկսել էին կոչել «դյոներային մարդասպաններ»։


Դենիել Գիզեյի երգը լույս էր տեսել ավելի վաղ՝ մինչ 2011թ.-ի նոյեմբերին նեոնացիստների խմբի բացահայտումը։