«Արմավիայում» կարծում են՝ չվերթերի դադարեցումը կապված է իրենց նոր բաժնետերերի հետ
«Արմավիա» ավիաընկերությունում կարծում են, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից իրենց թռիչքների սպասարկումը դադարեցնելու որոշումը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ավիաընկերությունը շուտով նոր բաժնետերեր կունենա, ինչը «օդանավակայանին, հավանաբար, դուր չի գալիս»։
«Արմավիա» ավիաընկերությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ իրենք ամեն օր վճարում են անհրաժեշտ գումարը։
«Հայկական միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը Tert.am–ին տեղեկացրեց, որ դադարեցման պատճառն «Արմավիայի» ունեցած պարտքն է, որը սահմանված չափից գերազանցում է մոտ 1 մլն դոլար։
Թե երբ և ինչ պայմաններով կվերականգնվեն թռիչքները, Գևորգ Արահամյանն այս պահին տեղյակ չէ։
Վերջինս, սակայն, այս պնդումն անհիմն է համարում։ «Օրական վճարումները եղել են թերի կամ չեն եղել ընդհանրապես և արդյունքում այսօր իրենց պարտքը պայմանավորված սահմանաչափից անցնում է մոտ 1 մլն դոլարով»,- ասաց նա։
«Արմավիա» ավիաընկերությունը պնդում է, որ այդ քայլով «Զվարթնոց» օդանավակայանը վնասում է նախ ուղևորներին, ապա ավիաընկերությանն ու հենց իրենց։
«Ուղևորների մասին, նախ և առաջ, պետք է մտածի ավիաընկերությունը, որ նրանք այլ ավիաընկերությունների ծառայություններից չօգտվեն։ Բազմաթիվ զգուշացումներ եղել են, և հիմա մենք ստիպված ենք գնացել այդ քայլին»,- ասաց Գևորգ Աբրահամյանը։
Ի դեպ, վերջինս ասաց, որ «Արմավիայի» նոր բաժնետերերի մասին «Արմենիա միջազգային օդանավակայաններում» ոչինչ հայտնի չէ։










