«Արմենիա» հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ տեղի ունեցած խոտանի մեղավորներին

14:01 • 17.10.12

«Արմենիա» հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել հեռուստադիտողներից և հատկապեսֆուտբոլասերներից՝ Հայաստան-Իտալիա խաղի հեռարձակման ժամանակ տեղի ունեցած խոտանի համար, և տեղեկացրել, որ մեղավորները աշխատանքից ազատված են։ Հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Հարգելի՛ հեռուստադիտողներ և հատկապե՛ս ֆուտբոլասերներ.

ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի ղեկավարության անունից ներողամտություն ենք հայցում ֆուտբոլի սիրահարներից Արմենիա Թի Վի հեռուստաընկերության եթերով Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպման հեռարձակման ընթացքում առաջացած տեխնիկական թերությունների համար:

Տեղի ունեցածն ուղիղ եթերի հեռարձակման կազմակերպման բարդ գործընթացի թերացում է, որը վրդովվեցրել
է մեզ բոլորիս՝ մեր ազգային հավաքականի երկրպագուներին:

Ձեռնարկվել են խստորոշ և հստակ քայլեր. պատասխանատուները պատժված են, մեղավորներն՝ աշխատանքից ազատված: Կիրառված և սահմանված են բոլոր հնարավոր միջոցները՝ նման բան այլևս չկրկնվելու համար:

Մենք հասկանում ենք Ձեր վրդովմունքը և ավելին՝ կիսում այն: Քանի որ երկուստեք գնահատում ենք իրավիճակը նմանօրինակ, այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք նորանոր հնարավորություններ կունենանք ապացուցելու մեր պրոֆեսիոնալիզմը և կարժանանանք Ձեր գոհունակությանը:
Շնորհակալություն, որ մեզ հետ եք:


Վազրիկ Սեկոյան
Նախագահ և Գլխավոր տնօրեն
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»


Տեղեկանք

«Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկված են «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը և «TV մոլ» շաբաթաթերթը:

2012թ-ի հուլիսի 18-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պաշտոնապես հավանության է արժանացրել նշված միավորմանը և որոշում է կայացրել թույլատրել համակենտրոնացումը:

Նշված որոշման հիման վրա 2012 թվականի օգոստոսի 1-ին «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲ ընկերության և Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Արմնյուզ» ՓԲ, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ , «Ռադիո ՊՌՈ» ՍՊ, «ՊանԱրմ Փաբլիշինգ Հաուս» ՓԲ ընկերությունների միջև կնքվել են գործակալական կառավարման պայմանագրեր, ինչի արդյունքում «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ ստանձնել է նշված ընկերությունների կառավարումը: