France 2-ը ներողություն է խնդրել ճապոնացի մարզիկին «Ֆուկուսիմայի արդյունք» անվանելու համար
France 2 հեռուստաալիքի տնօրենը պաշտոնապես ներողություն է խնդրել Ճապոնիայից՝ իր հեռուստաալիքով հնչեցված և ճապոնացի մարզիկին ուղղված անհաջող կատակի համար, հայտնում է Agence France-Presse-ը։
Հոկտեմբերի 12-ին կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ Ճապոնիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին։ Խաղը մեկնաբանելիս հաղորդավարը հեռուստադիտողներին է ցուցադրել ճապոնական հավաքականի դարպասապահ Էյձի Կավասիմուի ծաղրանկարը։
Ծաղրանկարում մարզիկը պատկերված է 4 ձեռքերով։ Մեկնաբանելով նկարը՝ հաղորդավարն այն անվանել է «Ֆուկուսիմայի արդյունք»։
Կատակին միանգամից արձագանքել է Ճապոնիայի ԱԳՆ-ն՝ դա անվանելով «անվայել» և բողոքի նամակ հղելով հեռուստաալիքին։
Նախօրեին France 2-ի ղեկավար Ժան Ռեվեիյոն ներողություն է խնդրել Ֆրանսիայում Ճապոնիայի դեսպանատան աշխատակիցներից ու Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտիրո Գեմբայից՝ հայտնելով, որ հաղորդավարը փորձել է ընդամենը ծաղրել իր երկրի հավաքականին և չի ցանկացել անհարգալից վերաբերմունք դրսևորել Ճապոնիային և Ֆուկուսիմայի տուժածներին։
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարը տեղի էր ունեցել 2011թ.-ի մարտին։










