Սաակաշվիլին հայտարարում է Վրաստանի ապագա կառավարության հետ համագործակցության պատրաստակամության մասին
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը և իր ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհամագործակցեն ապագա կառավարության հետ, որի ամբողջական կազմը երեքշաբթի հանրությանը ներկայացրեց Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Քանի որ այդպիսին է վրաց ժողովրդի կամքը, մենք կհամագործակցենք կառավարության ցանկացած կազմի հետ, որը կներկայացնի ընտրություններում հաղթանակած կոալիցիան», - հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով, անհրաժեշտ է օպերատիվ կերպով ավարտել բոլոր գործընթացները, որ խորհրդարանը հնարավորինս արագ կարողանա հաստատել կառավարությունը:
«Ես որպես նախագահ նոր կառավարությանը կցանկանայի, որ բոլոր այն խոստումները, որոնք տրվել են վրաց ժողովրդին, մաքսիմալ կերպով իրականացվեն, որ խորհրդարանական ընդդիմությունը կատարի իր վերահսկող դերը և Վրաստանի զարգացումը շարունակվի», - ասել է Սաակաշվիլին:










