Իտալիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան
Եռօրյա պաշտոնական այցով հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությունը, այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաև ռազմական արդյունաբերության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ծավալումը:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, որը կհանդիսանա երկկողմ համագործակցության իրավական հիմքը:
Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն անվտանգության և պաշտպանական քաղաքականության, ռազմաիրավական պատրաստության, զինված ուժերի կազմակերպման և կառավարման, կազմզորահավաքային պատրաստության, ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, խաղաղապահ և մարդասիրական գործողությունների և մի շարք այլ ոլորտներում:
Այցի շրջանակներում Իտալիայի պաշտպանության նախարարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ներկա գտնվել մարտական հերթապահության, խաղաղապահ առաքելության տարրերի և հատուկ նշանակության ուժերի ցուցադրությանը:
Իտալիայի պաշտպանության նախարարն այնուհետև այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:










