«Ժառանգությունում» ելքեր են որոնում պատային իրավիճակից դուրս գալու համար

21:22 • 17.10.12

 

Լուսանկարը՝ Armenpress-ի
 

«Ժառանգություն» խմբակցության ներսում ստեղծված է իրավաբանական բնույթի խիստ նուրբ իրավիճակ, որի առկայությունն այսօր Tert.am–ի հետ զրույցում չթաքցրեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ ասելով «այդ նրբությունները, բնականաբար, մեր իրավաբանները մեզ ներկայացնում են»:


Բանն այն է, որ «ժառանգությունից» չեն բացառում, որ հոկտեմբերի 21–ին նշանակված «Ժառանգություն» խմբակցության և վարչության համատեղ նիստին, այլ հարցերի թվում կանդրադառնան նաև «ժառանգություն» խմբակցությունից ԱԴ անդամներին հեռացնելու հարցին:


Համենայնդեպս, Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան մեր այն հարցի, թե հնարավո՞ր է ԱԴ անդամների հեռացումը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց՝ «այլ հարցերի թվում կանդրադառնանք նաև էդ հարցին»:


Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ, ինչպես Tert.am-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի որոշումները և «ԱԺ կանոնակարգ-օրենքի» պահանջները մեկնաբանեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ խմբակցությունից հեռացնելու իրավաբանական կատեգորիա չկա, և «ֆորմալ իրենք շարունակում են մնալ խմբակցության անդամ մանդատը վայր չդնելու դեպքում»:


Իսկ տեսականորեն Դավիթ Հարությունյանը հնարավոր է համարում երեք կամ չորս հոգանոց խմբակցության գոյությունն ԱԺ-ում, եթե ի սկզբանե ունեցել են հինգ և ավելի անդամներ. այսինքն՝ որպես ԱԺ ընտրություններին կուսակցության դեպքում 5 տոկոսի, դաշինքի դեպքում՝ 7 տոկոսի արգելանքը հաղթահարած քաղաքական ուժ։


Այլ հարց է, որ խմբակցության որևէ անդամ՝ բացառությամբ համամասնական ցուցակի առաջին երեք անդամների, խմբակցությունից դուրս գալու դիմում գրելու դեպքում պետք է վայր դնի մանդատը:


«Եթե չեմ սխալվում՝ ՍԴ մեկնաբանություններից հետո էդպես է. առաջին երեք համարը կարող են ազատ դուրս գալ խմբակցությունից՝ վայր չդնելով մանդատները, իսկ մյուսները պետք է վայր դնեն»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:


Հիշեցնենք, որ ԿԸՀ ներկայացված «Ժառանգության» համամասնական ցուցակի առաջին հնգյակում էին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգության» առաջնորդ), Խաչատուր Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատների» նախագահ), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Ալեքսանդր Արզումանյանը («Ազատ դեմոկրատներ», ԱԳ նախկին նախարար) և Ռուբեն Հակոբյան («Ժառանգության» փոխնախագահ)։


Սա նշանակում է, որ եթե Խաչատուր Քոքոբելյանը կարող է առանց մանդատը վայր դնելու լքել «Ժառանգությունը», ապա ցուցակի չորրորդ համար Ալեքսանդր Արզումանյանը՝ ոչ: Այսինքն՝ նա պետք է պարտադրված լինի կամ մանդատը վայր դնել կամ չդնել ու մոտ հինգ տարի մնալ «Ժառանգության» հետ:


Հիշեցնենք, որ ստախոսության և ավելորդ հուզականության մեջ երկու կուսակցությունների առաջին դեմքեր Րաֆֆի Հովհաննիսյանի ու Խաչատուր Քոքոբելյանի փոխադարձ մեղադրանքներից հետո հեռակա բանավեճը՝ թե, ի վերջո, եղե՞լ է նրանց միջև մանդատները վայր դնելու պայմանավորվածություն, այս օրերին արդեն շարունակվում է երկու կուսակցությունների երկրորդ, երրորդ դեմքերի մակարդակով:
 

Ավելին՝ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարելով, որ անձամբ ներկա է եղել նման պայմանավորվածություններին, հավելեց, որ իրեն հայտնի է, որ «Ազատ դեմոկրատներին» ևս հայտնի է, որ նման բան եղել է, ինչին ի պատասխան «Ազատ դեմոկրատներից» Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ իր ներկայությամբ երբևիցե նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել:


Ավելորդ չենք համարում նշել, որ այս տարեսկզբին «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միավորվելու ու մեկ միասնական ցուցակով հանդես գալու որոշումը մամուլը ժամանակին պայմանավորում էր ավելորդ ռիսկից խուսափելով, քանի որ նույն ցուցակի դեպքում նրանց անհրաժեշտ էր լինելու ստանալ 5%, իսկ դաշինքի դեպքում` 7%:


Այն ժամանակ էլ խոսակցություններ կային, որ այնքան է «Ժառանգության» սրտով չէ «Ազատ դեմոկրատների» հետ միավորումը, սակայն «Ժառանգություն» խմբակցության այն ժամանակվա ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Հայկական Ժամանակին» տված հարցազրույցում ասել էր.«Կապրենք` կտեսնենք, թե ինչով կավարտվի այս ամենը»: