Մարդինում հայ ճարտարապետի կառուցած փոստային բաժանմունքի պատմական շենքը կվերածվի հյուրանոցի
Թուրքիայի Մարդին քաղաքում հայ ճարտարապետի կառուցած և աշխարհի ամենատեսարժան 7-րդ փոստային բաժանմունքը համարվող շինությունը վերանորոգվում է, տեղեկացնում է «Ակօս»-ը։
Հայազգի ճարտարապետ Սարգիս Լոլեի կառուցած շինությունը վերակառուցումից հետո վերածվելու է հյուրանոցի։
Մարդինի ճարտարապետության ամենակարևոր շինություններից մեկը համարվող 125-ամյա շենքի վերակառուցման աշխատանքներն իրականացնում է Տուրիզմի և հյուրանոցների բարձրագույն դպրոցը։
1890թ.-ին հայ ճարտարապետի կողմից այն կառուցվել է որպես հեռագրատուն։ 2011թ.-ին շինությունը համարվել է աշխարհի ամենադիտարժան 10 փոստային բաժանմունքներից 7-րդը։
Բարձրագույն դպրոցը շենքը վարձակալել է 10 տարով։ Դպրոցի տնօրինությունը մտադիր է այդ կերպ միավորել զբոսաշրջությունը և կրթությունը՝ զբոսաշրջիկների հոսք ապահովելով դեպի Մարդին։










