«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ժամանակավորապես վերականգնել է «Արմավիայի» թռիչքների սպասարկումը
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերականգնել է «Արմավիա» ավիաընկերության թռիչքների սպասարկումը «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ «Արմավիան» այսօրվա ընթացքում իրականացրել է 90 մլն դրամի վճարում, որից հետո օդանավակայանը սպասարկող ընկերությունը համաձայնվել է թույլատրել ազգային ավիափոխադրողին իրականացնել թռիչքներ մինչև վաղը առավոտյան 11։15՝ թիվ 512 թռիչքը։
Իսկ թե ինչ կլինի այդ ժամից հետո, մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ ամեն ինչ կախված է «Արմավիայի» գործողություններից։
«Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան Tert.am-ի հետ զրույցում հաստատելով, որ թռիչքները վերականգնված են, միաժամանակ դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչ կլինի առավոտյան 11։15-ից հետո՝ արձագանքելով այսպես. «Կապրենք մինչև վաղը»։
Նանա Ավետիսովան միաժամանակ զարմանք հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայանների» մեկնաբանության կապակցությամբ, ըստ որի թռիչքների սպասարկումը վերականգնվել է միայն «Արմավիայի» կողմից 90 մլն վճարում կատարելուց հետո։ «Մենք, կրկնում եմ, մեր ընթացիկ պարտքերն ամեն օր վճարում ենք»,- ասաց Նանա Ավետիսովան՝ այնուամենայնիվ չկարողանալով պատասխանել, թե արդյոք վերը նշված 90 մլն դրամ գումարը իրենց ամենօրյա վճարումների շրջանակում է։ «Ես ֆինանսիստ չեմ և իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերության թռիչքները դադարեցվել էին այսօր առավոտից։ «Արմավիա» ավիաընկերությունում նշել էին, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից իրենց թռիչքների սպասարկումը դադարեցնելու որոշումը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ավիաընկերությունը շուտով նոր բաժնետերեր կունենա, ինչը «օդանավակայանին, հավանաբար, դուր չի գալիս»։
«Արմավիա» ավիաընկերությունից Tert.am-ին տեղեկացրել էին նաև, որ իրենք ամեն օր վճարում են անհրաժեշտ գումարը։
Գևորգ Աբրահամյանն էլ, իր հերթին, Tert.am–ին տեղեկացրել էր, որ դադարեցման պատճառն «Արմավիայի» ունեցած պարտքն է, որը սահմանված չափից գերազանցում է մոտ 1 մլն դոլարով։
Աբրահամյանը նաև անհիմն էր համարել «Արմավիայի» եզրակացությունը՝ թռիչքների դադարեցման պատճառների վերաբերյալ։
Հավելենք, որ «Արմավիա»-«Արմենիա միջազգային օդանավակայաններ» հակասությունները վերջին շրջանում պարբերական բնույթ են կրում։ Մասնավորապես, վերջին անգամ օդանավակայի սպասարկողը դադարեցրել էր «Արմավիային» ծառայություններ մատուցել սեպտեմբերի վերջին տասնօրյակում։










