«10 տարի իրականացնելով երազանքները». «Օրիֆլեյմը» նշում է Հայաստանում իր գործունեության տասնամյակը (լուսանկարներ)

13:21 • 17.10.12

«Օրիֆլեյմ Հայաստան» ընկերությունն անցած շաբաթավերջին տոնում էր իր 10-ամյակը: Արտադրանքի որակի, բնական բաղադրիչների և նորարարական մոտեցման, ինչպես նաև բիզնես հնարավորությունների շնորհիվ շվեդական կոսմետիկական միջոցներ առաջարկող այս ընկերությունը մեծ ճանաչում է ձեռք բերել Հայաստանում: 10-ամյակի առիթով նախատեսված տոնական միջոցառումների շրջանակում «Օրիֆլեյմ» ընկերության հիմնադիր Աֆ Յոքնիկ ընտանիքի ներկայացուցիչներն առաջին անգամ ժամանել են Հայաստան:


«Օրիֆլեյմն» ամեն տարի դառնում է ավելի ու ավելի ուժեղ: Հպարտության մեծ զգացում եմ ապրում` տեսնելով, որ ամբողջ աշխարհից տարբեր ազգությունների մարդիկ համախմբվել են մեկ ընկերության և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: 10 տարվա ընթացքում մենք հայկական շուկայում հասել ենք մեծ հաջողությունների և չենք պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա»,- ասաց «Օրիֆլեյմի» տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր աֆ Յոքնիկը:


Վերջինս նշեց, որ իրենց աշխատանքի հիմնական սկզբունքը ավելի ու ավելի լավը դառնալն է, որի համար արտադրանքի ստեղծման ու ներկայացման նոր սկզբունքներ են մշակում, և բացի այդ` ավելի շատ ներդրումներ են կատարում նորագույն տեխնոլոգիաների մեջ։ «Օրիֆլեյմը» Հայաստանում պաշտոնապես ներկայացվել է 2002 թ.-ին և սկզբնական շրջանում հայաստանյան շուկայի համար լույս էր ընծայում տարեկան 10.000 կատալոգ, իսկ այսօր կատալոգների թիվը հասնում է տարեկան 425.000-ի:

 

«Օրիֆլեյմը» մարդկանց ուրախություն և արև է բերում: Կովկասյան տարածաշրջանում Օրիֆլեյմն աշխատում է ավելի քան 10 տարի, և այն կարողացել է դառնալ առաջատար կոսմետիկական ընկերություն: Այս ընթացքում մենք իրականացրել ենք հազարավոր երազանքներ, և ամեն տարի փորձում ենք մի լավ բան անել այն երկրի համար, որտեղ գործում ենք»,- ասաց Կովկասի, Մոլդովայի և Մոնղոլիայի տարածաշրջանային տնօրեն Նատալիա Պոպովան:


«Օրիֆլեյմ» Հայաստան ընկերությունը իր հաճախորդների համար անակնկալ էր պատրաստել` Հայաստան հրավիրելով Օրիֆլեյմ ընկերության գլխավոր դիմահարդար Յոնաս Վրամելին, ով մի քանի սեզոնային խորհուրդներ տվեց հայուհիներին. «Այս սեզոնին պետք է յուրահատուկ ուշադրություն դարձնել մատիտներին` նախատեսված և՛ աչքերի, և՛ շուրթերի համար. դրանք կընդգծեն և ավելի արտահայտիչ կդարձնեն ձեր գեղեցկությունը»:

Ինչպես իր խոսքում նշեց Ալեքսանդր աֆ Յոքնիկը, ընկերությունը ցանկանում է վաճառքի առումով աշխարհում դառնալ առաջինը: Այդ նպատակով նրանք համագործակցում են հանրահայտ աստղերի հետ: Նրանց թվում է հանրահռչակ դերասանուհի Դեմի Մուրը, ում Օրիֆլեյմը կներկայացնի հեքիաթային կերպարով:

Բացի այդ, ընկերությունը հովանավորում է մի շարք ծրագրեր, որոնցից է «Սոս Քինդերդոֆ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը, որը երեխաներին հնարավորություն է ընձեռում ուսում ստանալ կրթական տարբեր հաստատություններում: