Քուրդ զինյալները թուրք ուսուցիչների են առևանգել ու տարել դեպի Արարատ
Իգդիրի Բուլաքբաշը գյուղում երկու ահաբեկիչ մտել է դպրոց և աշակերտների աչքի առաջ առևանգել 19 ուսուցիչներից 6-ին, տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը։
Թուրքական կողմի պնդմամբ՝ ահաբեկիչները եղել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներ և ուսուցիչներին տարել են դեպի Արարատի արոտավայրերը։
Գյուղացիները փորձել են կանխել դա և, կտրելով զինյալների ճանապարհը, խնդրել են ազատ արձակել ուսուցիչներին, սակայն նրանք զենքերն ուղղել են գյուղացիների ուղղությամբ և սպառնացել սպանել։
Մոտ մեկ ժամ անց ուսուցիչներն ազատ են արձակվել։ Նրանք պատմել են, որ թեև շատ են վախեցել, սակայն ահաբեկիչներն ընդամենն իրենց քարոզչությունն են իրականացրել։










