Սիրիական ընդդիմությունը ևս դրական է արձագանքել համամուսուլմանական տոնին հրադադարի գնալու առաջարկին

01:02 • 17.10.12

Սիրիայի ազգային խորհուրդ (ՍԱԽ) էմիգրանտական ընդդիմադիր խմբավորումը դրական է արձագանքել ժամանակավոր հրադադարի առաջարկին` պայմանով, որ Դամասկոսը առաջինը կգնա այդ քայլին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


«Մենք դրական ենք վերաբերվում կոտորածը դադարեցնելու ցանկացած հնարավորության: Սակայն մենք կարծում ենք, որ այդ կոչը, առաջին հերթին, ուղղված է սիրիական վարչակարգին, որը շարունակում է գնդակոծել քաղաքները և բնակավայրերը», - այսօր Դոխայում հայտարարել է ՍԱԽ-ի առաջնորդ Աբդել Բասետ Սեյդան:


Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Սիրիական ազատ բանակը «պարզապես պաշտպանվում է», որ «կանգնեցնի վարչակարգի ռազմական մեքենան»:


Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Դամասկոսը մերժել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի առաջարկը միակողմանիորեն կրակը դադարեցնելու վերաբերյալ:


Այդ ժամանակ Սիրիայի ԱԳՆ-ն առաջարկել էր Պան Գի Մունին «պաշտոնյաներ ուղարկել այն պետություն, ում ազդեցությունը զինված խմբավորումների վրա բավարար է, որ համոզեն դադարեցնել բռնությունները»:


Դրան հաջորդել էր ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի նախօրեին` Իրանի իշխանություններին կատարած առաջարկը, որ, իր կարծիքով, նրանք կարող են օժանդակել Սիրիայի զինված հակամարտության կողմերի միջև համաձայնության հաստատմանը:


Այսօր արդեն Սիրիայի կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի՝ համամուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում զինադադար հայտարարելու մասին առաջարկը, պայմանով, որ այն ուղղված լինի թե սիրիական կառավարությանը, թե ընդդիմությանը:
«Սիրիական կողմը պատրաստ է քննարկել այդ տարբերակը»,- հայտարարել էր Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակսուդին:


Նշենք, որ խոսքը վերաբերվում է 4 օրերն, որոնց ընթացքում նշվելու է համամուսուլմանական տոնը:

Այս տոնը նշվում է հաջի՝ Մեքքա ուխտագնացության ավարտին՝ ի հիշատակ այն բանի, որ ի նշան հնազանդության Իբրահիմը (Աբրահամը) համաձայնեց իր զավակին Աստծուն զոհաբերել:

Տոնը կմեկնարկի Զու ալ-Հիջջա ամսվա 10-րդ օրը՝ հոկտեմբերի 25-ին՝ մայրամուտից հետո: