Տիտանիկ նավից ցամաք հանված բոլոր իրերը կվաճառվեն 189 մլն դոլարով (լուսանկարներ)

12:37 • 17.10.12

Ամերիկյան Premier Exhibitions Inc ընկերությունը պատրաստվում է խորտակված Տիտանիկ նավից ցամաք հանված բոլոր իրերը վաճառել 189 մլն դոլարով, գրում է YahooNews-ը։

 

Բոլոր 5 500 նմուշները հայտնաբերվել են 1985 թ.-ից ի վեր իրականացվող՝ Ռոբերտ Բալարդի ղեկավարած գիտարշավների ընթացքում։ Վաճառվելիք իրերը բազմատեսակ են՝ սկսած նրբագեղ ճենապակյա և արծաթյա սպասքից մինչև նավի 17 տոննայանոց բեկորը։ Ընկերությունը տարիներ շարունակ կազմակերպել է այս իրերի մի շարք ցուցադրություններ։

 

Premier Exhibitions Inc-ն ավելի վաղ էր ցանկանում վաճառել իր սեփականության տակ գտնվող անգին նմուշները, սակայն դաշնային դատարանի որոշմամբ՝ դրանք պետք է միասին պահվեն, և ընկերությունն իրավունք չունի նմուշներն առանձին–առանձին վաճառել։

 

100 տարի առաջ անդրանիկ ճամփորդության ելած Տիտանիկի նավաբեկությունը համարվում է մարդկության պատմության ամենախոշոր ծովային աղետը, որը խլել է շուրջ 1 500 մարդու կյանք։