Վերահսկիչ պալատը Երևանի քաղաքապետարանում ստուգումների ժամկետը երկարացրել է

18:41 • 17.10.12

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի որոշմամբ Երևանի քաղաքապետարանում Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող ստուգումների ժամկետը երկարաձգվել է ևս 12 օրով:


Այս մասին Tert.am-ին հայտնեց ՎՊ մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը և հավելեց. «Ըստ օրենքի՝ ՎՊ ստուգումը տևում են 24 աշխատանքային օր, իսկ եթե վերահսկողության ծավալը մեծ է լինում, երկարաձգվում են ևս 12 օրով»:


Նշենք, որ ՎՊ-ը Երևանի քաղաքապետարանի ստուգումները սկսել էր սեպտեմբերի 13–ին։ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, թե սեպտեմբերի 28-ին «Տարոնը գնացել է Իշխանի մոտ» և մի քանի ժամ անցկացրել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ:


Աննա Վարդանյանն ի պատասխան ասաց, որ Տարոն Մարգարյանը ՎՊ-ում եղել է ոչ թե մենակ, այլ «Հայփոստի տնօրենի» Հայկ Ավագյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանի հետ՝ մասնակցելու ՎՊ-ում անցկացված խորհրդակցությանը:


ՎՊ մամուլի քարտուղարը պարզաբանեց նաև, որ Տարոն Մարգարյանն իրենց մոտ եղել է ոչ թե «ժամերով»՝ մի քանի ժամով, այլ 50 րոպեով (ինչի մասին վկայում է ԱԺ անցակետում իջեցված հայտում նշված ժամանակը):