Միացյալ Նահանգները պետք է աշխատանք չտա ապօրինի ներգաղթյալներին. Ռոմնի

08:55 • 17.10.12

Միացյալ Նահանգները ներգաղթյալների աշխատանքի ընդունելիս պետք է ստուգի նրանց կացության կարգավիճակը, որպեսզի թույլ չտա ապօրինի ներգաղթյալներին աշխատատեղեր խլել այն մարդկանցից, ովքեր օրինական հիմքերով են գտնվում ԱՄՆ-ում։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին՝ իր դեմոկրատ մրցակից Բարաք Օբամայի հետ կայացած հերթական բանավեճի ժամանակ։

 

«Մենք պետք է դադարեցնենք ապօրինի միգրացիան։ Այժմ մոտ 4 մլն մարդ է սպասում ԱՄՆ օրինական մուտքին։ Ես (նախագահ ընտրվելու դեպքում) մի համակարգ կներդնեմ, որը կստուգի աշխատանքի ընդունվել ցանկացող ներգաղթյալների կացության կարգավիճակի օրինականությունը։ Գործատուները պետք է իմանան, որ ապօրինի ներգաղթյալ ընդունելիս կպատժվեն։ Ես՝ որպես նախագահ, չեմ տա վարորդական իրավունք բոլոր նրանց, ովքեր ապօրինի են մուտք գործել երկիր»,- ասել է Ռոմնին։

 

Նա նշել է, որ ԱՄՆ-ն միգրանտների երկիր է, սակայն նա մտադիր չէ սահմանափակել օրինական հիմքով մուտք գործել ցանկացողների թիվը։


Ռոմնին մեկ հարցում համակարծիք է իր մրցակից Օբամայի հետ, որ ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխան պետք է ստանա ԱՄՆ քաղաքացիություն։
 

Նշենք, որ այս բանավեճի արդյունքում հաղթել է նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման։