Եգիպտոսցի ուսուցիչը խուզել է գլխաշորից հրաժարվող աշակերտուհիների մազերը
Եգիպտոսի Լուքսոր քաղաքի դպրոցներից մեկում ուսուցիչը խուզել է 12-ամյա մի քանի աշակերտուհիների մազերն այն պատճառով, որ նրանք հակառակվել են իսլամի օրենքներին և հրաժարվել են գլխաշոր կրելուց, գրում է The Guardian-ը։
Այս միջադեպը մեծ աղմուկ է հանել քաղաքում, ինչի արդյունքում Լուքսորի քաղաքապետն ուսուցչի գործողություններն «ամոթալի» է որակել և նրան հեռացրել աշխատանքից։
Աղջիկներից մեկի հայրը պատմել է, որ ուսուցիչը ստիպել է աշակերտուհիներին 2 ժամ շարունակ ձեռքերը վեր պարզած կանգնել դասարանի առաջ, ինչից հետո էլ բոլորի ներկայությամբ խուզել է նրանց մազերը։
Այս միջադեպը բավական անհանգստացրել է Եգիպտոսում գործող իրավապաշտպան խմբերին, ովքեր կարծում են, որ անչափ սխալ է նման վիրավորական գործողություններն արդարացնել իսլամի պաշտպանության անվան ներքո։
Այժմ ուսուցչի դեմ դատական գործ է հարուցվել։










