Իրանը կողմ է Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում Սիրիայում զինադադար հայտարարելուն
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր հավանության է արժանացրել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի համամուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում զինադադար հայտարարելու մասին առաջարկը, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:
«Մեր կարծիքով, հրադադարը և ազատ ընտրությունների անցկացման վերաբերյալ երկխոսությունը ճիշտ որոշում է»,- հայտարարել է Իրանի նախագահը:
Իդ ալ-Ադհա տոնը նշվում է հաջի՝ Մեքքա ուխտագնացության ավարտին: Տոնը կմեկնարկի Զու ալ-Հիջջա ամսվա 10-րդ օրը՝ հոկտեմբերի 25-ին՝ մայրամուտից հետո:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի՝ Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում զինադադար հայտարարելու մասին առաջարկը՝ պայմանով, որ այն ուղղված լինի թե՛ սիրիական կառավարությանը, թե՛ ընդդիմությանը:
«Սիրիական կողմը պատրաստ է քննարկել այդ տարբերակը»,- հայտարարել էր Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակսուդին:
Երկուշաբթի Իրանում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին երկրի իշխանություններին հայտարարել էր, որ, իր կարծիքով, նրանք կարող են օժանդակել Սիրիայի զինված հակամարտության կողմերի միջև համաձայնության հաստատմանը:










