Նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ում որևէ կարգի քննարկումներ չեն եղել. Նաիրա Զոհրաբյան

11:01 • 18.10.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքում է տեղեկատվությունը, որ ԲՀԿ առաջնորդը՝ նախագահական ընտրությունների հետ կապված, մի շարք կարևոր հայտարարություններ է արել ԲՀԿ վերնախավի հետ հանդիպումներում:


«Նախագահական ընտրությունների վերաբերյալ որևէ կարգի քննարկումներ չեն եղել. Ծառուկյանը կուսակցության ոչ լայն, ոչ նեղ ֆորմատով որևէ հայտարարություն՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ, չի արել»,- Tert.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:


Նշենք, որ այսօրվա «168 ժամ-ը» հայտնել էր , որ օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հանդիպելով կուսակիցների հետ, բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին և հավելել, որ եթե ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու առաջադրի, ապա դա կարող է լինել միայն ինքը: Ծառուկյանը, ըստ տեղեկության, նաև հայտարարել է, որ իրենից բացի որևէ այլ թեկնածուի չի սատարի:


Հայտնի է, որ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի կոնյակի գործարանում պարբերաբար հավաքներ են տեղի ունենում:

 

Ի պատասխան հարցի, թե այդ ինչ հավաքներ են և ինչ է քննարկվում դրանց ժամանակ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Հավաքներ լինում են, և դա միանգամայն բնական է։ Անտրամաբանական կլիներ հակառակը, եթե նման մեծ և հզոր կուսակցությունը աշխատանքային քննարկումներ չունենար: Քննարկումներ կարող են լինել ամեն օր՝ կախված օրակարգի խնդիրներից։ Բայց կրկնում եմ՝ դրանցից որևէ մեկում նախագահական ընտրություններին առնչվող որևէ հարց չի քննարկվել»:


Որպես ամփոփում, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ հասկանում է հասարակական-քաղաքական, և հատկապես՝ որոշ շրջանակների անսահման հետաքրքրությունը ԲՀԿ-ի որոշման հանդեպ, քանի որ ասաց, որ բոլորն էլ հասկանում են, որ այդ որոշումը «մեծապես կարող է փոխել քաղաքական հետագա զարգացումների ընթացքը»: