Սիրիայի հյուսիսում ծանր մարտեր են ընթանում ապստամբների հետ

09:30 • 18.10.12

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Արաբական պետությունների լիգայի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին ուղևորվում է դեպի Դամասկոս՝ սիրիական ղեկավարությանը կրակը դադարեցնելու համաձայնության փորձ անելու նպատակով, հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։ 


Ալժիրցի դիվանագետը առաջարկում է սկզբի համար հայտարարել «խաղաղ զինադադար» հոկտեմբերի 26-ին նշվող Իդ ալ-Ադհային զոհաբերության մուսուլմանական տոների կապակցությամբ արձակուրդների շրջանում։


Ելույթ ունենալով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ Բրահիմին զգուշացրել է, որ կոնֆլիկտը «անխուսափելիորեն դուրս կգա Սիրիայի սահմաններից, կընդգրկի հարևան երկրները և ամբողջ տարածաշրջանը, եթե ժամանակին չկանգնեցվի»։ Միևնույն ժամանակ նա բացահայտ խոստովանել է, որ խաղաղ կարգավորման հասնելը «բավականին բարդ կլինի»։


Լարվածությունը չի մեղմանում թուրք-սիրիական սահմանի մի շարք շրջաններում։ Ամենաթեժ կետը դեռևս համարվում է Թուրքիայի սահմանին գտնվող Իդլիբ շրջանը, որտեղ Սիրիայի կանոնավոր զորքերը պահում են պաշտպանությունը Վադի Դեյվ խոշոր ռազմաբազայում։ Դամասկոս-Հալեպ ռազմավարական մայրուղու հսկողությունը, որը ապստամբները փակել են հյուսիսային մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա Մաարաթ-Նաամանա շրջանում, վերականգնելու փորձերը դեռևս անհաջող են։ Ռազմական հրամանատարությունն ակտիվորեն ներգրավում է ավիացիան։ Վերջին օրերին այսպես կոչված Սիրիական ազատ բանակի գրոհայինների դիրքերի ուղղությամբ իրականացվել է 29 թռիչք։


Սիրիան հույսով է նայում Բրահիմի տարածաշրջանային այցին և հույս ունի, որ նրա արդյունքը կդառնա «կառուցողական նախաձեռնության դրսևորումը, որը վերջ կդնի պատերազմին»։ Ինչպես հայտարարել է Սիրիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մաքդեսին՝ Դամասկոսում սպասում են հատուկ պատվիրակի այցին՝ տարածաշրջանի մայրաքաղաքներում նրա վարած բանակցությունների արդյունքներին ծանոթանալու համար, «հատկապես այն երկրներում, որոնք ազդում են Սիրիայի հետ պատերազմող զինված խմբավորումների վրա»։