Եթե Սիրիայի նախագահն առաջինը դադարեցնի կրակը, ապստամբները ևս դա կանեն. Բրահիմի
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը առաջինը պետք է դադարեցնի կրակը համամուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնին ընդառաջ, որը այս տարի սկսվում է հոկտեմբերի 26-ին, Լիբանան կատարած իր այցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին, հաղորդում է BBC-ն:
Լախդար Բրահիմիի խոսքով, բոլոր ապստամբները, որոնց հետ նա խոսել է, պատրաստ են դադարեցնել կրակը, եթե ռազմական գործողությունների դադարեցումը նախաձեռնվի սիրիական կառավարության կողմից:
Քառօրյա զինադադարը, որի առիթը հետխորհրդային տարածքում Կուրբա-Բայրամ անվանվող իսլամական տոնն է, «միկրոսկոպիկ» քայլ կլինի հակամարտության դադարեցման ճանապարհին, կարծում է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնացը:










