Brabus-ում Mercedes G 63 AMG-ը ավելի «վայրագ» են դարձրել (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի Brabus թյունինգային ստուդիան ներկայացրել է Mercedes-Benz-ի էքստրեմալ արտաճանապարհային մեքենայի մասին սեփական պատկերացումը, նախագծելով G-class-ի ամենահզոր տարբերակներից մեկի` G 63 AMG-ի կատարելագործման փաթեթը: Արտաճանապարհայինը համալրվել է ուժեղացված շարժիչով, հսկա անիվներով և մոդերնիզացված կախոցներով, հաղորդում է vesti.ru-ն:
«Ստանդարտ» Mercedes-Benz G 63 AMG ունի կրկնակի տուրբոներմղիչներով 5,5 լիտրանոց V8 շարժիչ, որը 544 ձիաուժ և 760 Նմ ոլորող մոմենտ հզորություն է ապահովում:
Brabus-ի ինժեներների միջամտության հաշվին ուժային ագրեգատի հզորությունը հասցվել է 620 ձիաուժի, իսկ ոլորող մոմենտը դարձել է 800 Նմ: Որոշ տվյալներով նման ներարկում ստացած G 63 AMG-ն, 0-100 կմ/ժ արագացման համար նախկին 5,4 վայրկյանի փոխարեն այժմ 5,1 վայրկյանում դա կանի:
Բացի ուժային հզորացված ագրեգատից, G 63 AMG-ն նաև ֆիրմային 23 դույմանոց անվասկավառակներ է ստացել, համալրվել է ահռելի արգելակներով և նոր արտամղման համակարգով, որի ձայնը հնարավոր է կարգավորել և փոփոխել հատուկ փականների միջոցով:
Նաև նշվում է, որ G 63 AMG նոր մոդերնիզացված կախոցներ է ստացել, որը վարման բարձր հարմարավետություն է ապահովում:










