Արեգակի խավարումը տեղական ժամանակով սկսվեց այսօր և ավարտվեց երեկ. աստղագետ

14:59 • 14.11.12

Արեգակի խավարումը տեղական ժամանակով սկսվեց այսօր և ավարտվեց երեկ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի, առաջին հայացքից տարօրինակ թվացող, հայտարարություն արեց աստղագետ Արեգ Միքայելյանը։


«Տարօրինակ է հնչում, բայց Խաղաղ օվկիանոսի մեջտեղում կա ամսաթվի փոփոխման գիծ: Այդ գծից դեպի արևմուտք մեկ օր առաջ է, դեպի արևելք՝ մեկ օր հետո: Քանի որ սկսվեց արևմուտքում և տեղաշարժվեց դեպի արևելք, այնպես ստացվեց որ ավարտը գնաց ընկավ նախորդ օրվա մեջ: Ավստրալիայում սկսվեց ամսի 14-ին, իսկ ավարտվեց Չիլիի կղզիների վրա՝ նոյեմբերի 13-ին»,- ասաց նա։

 

Նա տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում հաջորդ Արեգակի խավարումը կդիտվի 2013թ. մայիսի 10-ին: Նույն թվականին սպասվում է ևս մեկը՝ նոյեմբերի 3-ին, որը կլինի հիբրիդային տիպի: Այսինքն՝ երկրագնդի մի հատվածում այն կլինի մասնակի, մյուսում՝ լրիվ: Սա, ըստ Արեգ Միքայելյանի, եզակի երևույթ է:


Արեգ Միքայելյանը նշեց, որ տարեկան տեղի է ունենում արեգակի 2-5 խավարում, բայց երկրագնդի տարբեր վայրերում: Միևնույն տեղում տասը տարվա ընթացքում տեղի է ունենում միջինը 360-400 արևի խավարում:


«Առաջին Արեգակի խավարումը գրանցվել է մ.թ.ա. 2800թ-ից սկսած: Այն գրանցվել է տարբեր հիշատակություններում՝ չինական, հունական և այլն: Դրանք ավելի վաղ շրջանում էլ են եղել, բայց մարդիկ սկսել են արձանագրել այդ շրջանից»,- ասաց նա:


Արեգ Միքայելյանը տեղեկացրեց, որ Հայաստանում մասնակի Արեգակի խավարում կդիտվի 2020 թ-ի հունիսի 21-ին, իսկ վերջինը դիտվել է 2006 մարտի 29-ին:
 

Արեգակի խավարումը տեղական ժամանակով սկսվեց այսօր և ավարտվեց երեկ. աստղագետ