Հայաստանում աստղագիտության ոլորտում միջոցներ չեն նեդրվում. Արեգ Միքայելյան
Հայաստանում աստղագիտության ոլորտում միջոցներ չեն նեդրվում:Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին իր մտահոգությունը հայտնեց Բյուրականի աստղադիտարանի առաջին կարգի գիտաշխատող Արեգ Միքայելյանը:
«Շենքային պայմանները շատ վատ են, գույքը հին է, բայց նույնիսկ այս վիճակում մեր աստղագետներն աշխատում են, և սա ես հերոսություն եմ համարում: Ամեն տարի մեր երեխաները մասնակցում են աստղագիտության օլիմպիադաներին և նվաճում մեդալներ: Հայաստանն իր աստղագիտական նվաճումներով առաջին եռյակի մեջ կմտնի օլիմպիադաներում, բայց այդ երեխաները հետո չեն գալիս ու զարգացնում աստղագիտությունը: Նրանք խելացի են, և ընտրում են այնպիսի մասնագիտություններ ու աշխատանք, որ կարողանան ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը»,- ասաց նա:
Նա նշեց, որ մեր պետությունը գիտությանը լուրջ մոտեցում չի ցուցաբերում, ինչը, ըստ աստղագետի, շատ անպատասխանատու մոտեցում է: «Ընդհանրապես գոյություն ունի կրիտիկական սահման, որից եթե անցնենք, այլևս հնարավոր չի լինի վերականգնել: Այսօր երիտասարդներն այնքան ուժեղ չեն, որ կարողանան պահել աստղադիտարանը: Նրանց այլևս չի գրավում աստղադիտարանը, որ գան»,- ասաց նա և ընդգծեց, որ պետության քաղաքակիրթ լինելը որոշվում է նրանով, թե որքան է պետությունը ուշադրություն դարձնում գիտությանը:
Արեգ Միքայելյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը Մերձավոր Արևելքում աստղագիտության կենտրոն դառնալու հավակնորդ է, բայց դրա համար անհրաժեշտ է պետության աջակցությունը:
«Այդ ստատուսը տրվում է ու Հայաստանը Մերձավոր Արևելքում հավակնորդ երկներից է և այսօր մի քանի երկրների միջև լուրջ պայքար է ընթանում: Մեր նվազագույն հաշվարկներով միայն գրասենյակային աշխատանքները ապահովելու համար անհրաժեշտ է տարեկան 50 հազ. դոլարի կարգի գումար, իսկ միջազգային աստղագիտական կենտրոնը միջոցներ է ներդնելու ծրագրերի իրականացման համար»,- ասաց նա:










