Ծխախոտի տուփերի սարսափեցնող նկարներն առավել լավ ազդում են ցածր եկամուտ ունեցողների վրա. ԱՄՆ հետազոտողներ
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ ծխախոտի տուփերի վրայի սարսափեցնող նկարներն առավել լավ «հակածխախոտային» ազդեցություն են թողնում ցածր եկամուտ ունեցող մարդկանց վրա, հայտնում է РИА Новости-ին։
University of South Carolina in Columbia-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հետազոտողների եզրակացությունները կհրապարակվեն American Journal of Preventive Medicine պարբերականի դեկտեմբերյան համարում։
Հեղինակները հիշեցնում են, որ ավելի քան 40 երկիր ծխելու դեմ պայքարում է ծխախոտի տուփերի վրա նման սարսափազդու նկարներ փակցնելով, որոնք պատմում են ծխելու վնասակարության մասին։
2011թ. հուլիսից մինչև 2012թ. հունվար ընկած ժամանակահատվածում անցկացված փորձերին մասնակցել է մոտավորապես 1 000 չափահաս ծխող։ Հետազոտության մասնակից են դարձել այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում առնվազն 100 ծխախոտ են ծխել և շարունակում են ծխել։
Կամավորներն ընտրվել են հասարակական վայրերում, սուպերմարկետներում, մեծ շուկաներում և այլն։
Նրանց ցույց են տրվել տուփերի վրա հանդիպող վախեցնող գրությունները։ Դրանք նախազգուշացումներ են թոքերի քաղցկեղի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, հղիության բարդացումների վերաբերյալ։ Յուրաքանչյուր գրառում ուղեկցվում է վնասված օրգանի նկարով, հիվանդի տառապանքները նկարագրող պատկերներով։
Արդյունքում պարզվել է, որ դրանք առավել լավ ազդեցություն են թողել ցածր եկամուտ ունեցող խմբի ծխողների վրա։










