Արմ Ռոբոտիքսի ռոբոտները Արզնիի ուսումնական օդանավակայանում փորձնական թռիչք կանեն
Նոյեմբերի 17-ին Արզնիի ուսումնական օդանավակայանում տեղի կունենա Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության շրջանակներում կազմակերպվող «Անօդաչու թռչող սարք» մրցույթը, որի ընթացքում փորձնական թռիչքի դուրս կգան Արմ Ռոբոտիքս մրցույթի «Անօդաչու թռչող սարքերը»:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից, թռիչքը տեղի կունենա Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում, ժամը 11:00-ից սկսած:
Փորձնական թռիչքի իրականացման նպատակն է ստուգել ռոբոտների պատրաստվածության մակարդակը, հնարավորություն տալ մասնակիցների մրցութային իրական պայմաններում փորձարկել իրենց սարքերը և կատարել վերջին փոփոխությունները մրցույթի եզրափակիչ փուլի համար: Եզրափակիչ փուլը նախատեսվում է իրականացնել 2013թ. մայիս ամսին:
Մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերները, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300գ բեռ և կվերադառնան մեկնարկային կետ: Անօդաչու թռչող սարքը կարող է լինել ուղղաթիռ, քուադրոքոփթեր /quadrocopter/, օդանավ, դիրիժաբլ և այլն: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ:
Արմ Ռոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:










