Աշխարհի վերջ հնարավոր է միայն տիեզերական աղետի ժամանակ. Արեգ Միքայելյան
Աշխարհի վերջ հնարավոր է միայն տիեզերական աղետի ժամանակ: Անդրադառնալով ավարտին մոտեցող մայաների օրացույցին այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Բյուրականի աստղադիտարանի գիտնական Արեգ Միքայելյանը: Նա նշեց, որ շատ ժողովուրդներ կան, որոնք ունեն օրացույցներ, և դրանք պարբերաբար մոտենում են ավարտին:
«Մոտ չորս աշխարհի վերջ արդեն եղել է՝ Նոստրադամուսի, Վանգայի: 2000 թվականը հայտարարել էին աշխարհի վերջ, բայց ավարտ չեղավ, ասեցին 2001-ին կլինի: Կարծում եմ այս մեկն էլ կապրենք: Իհարկե, դա հնարավոր է, եթե լինի տիեզերական աղետ: Օրինակ՝ դինոզավրերի գոյության վերացումը շատերը բացատրում են հենց ինչ-որ տիեզերական աղետով»,- ասաց նա:
Գիտնականը նաև նշեց, որ բավական է Արեգակը մեկ տոկոսով շեղվի իր ուղեծրից կաթնասունները կվերանան երկրի երեսից:
«2013թ-ի սկզբներին սպասվում է Արեգակի ակտիվություն, ինչը վտանգավոր է մարդկանց առողջության համար: Այդ ժամանակ սրվում են սրտանոթային հիվանդությունները, և նման խնդիրներ ունեցող մարդիկ ավելի զգույշ պետք է լինեն: Մենք չենք կարողանում կանխատեսել բռնկման օրերը, դա հնարավոր է անել ընդամենը մի շաբաթ առաջ»,- ասաց նա:
Անդրադառնալով առաջիկայում սպասվող մոլորակների շքերթի հնարավոր լինելուն, հավաստիացրեց, որ դա հնարովի բան է:










