Facebook-ը թողարկել է աշխատանքի որոնման Social Jobs հավելվածը

17:19 • 15.11.12

Facebook սոցիալական կայքը թողարկել է աշխատանքի որոնման Social Jobs հավելվածը, հայտնում է Лента-ն։

 

Ինչպես գրում է Wired-ը, հավելվածը ստեղծվել է ԱՄՆ աշխատանքի նախարարության և աշխատաշուկայի ու զբաղվածության խնդիրներով զբաղվող ամերիկյան մի շարք հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։ Մշակման աշխատանքները տևել են 1 տարի։

 

Social Jobs-ի հայտնվելու օրը (նոյեմբերի 13-ին) հաստիքների հաշվիչը ցույց է տվել 1,73 մլն ազատ հաստիք։ Հավելվածի էջում կա որոնման բաժին, որը թույլ է տալիս զտել հետաքրքրող հաստիքները՝ ըստ ոլորտների։


Facebook-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ Social Jobs-ը կփոխի ամերիկյան աշխատաշուկան։ Բացի այդ, աշխատանքի որոնման հարցում հաշվի կառնվի նաև օգտատերերի վարքն իրենց էջերում։


Արդյոք պատրաստվում է սոցկայքը գումար վաստակել նոր հավելվածի շնորհիվ, չի պարզաբանվում։ Սակայն շուկայի շատ մասնակիցներ նշում են, որ Social Jobs-ի թողարկմամբ Facebook-ը դառնում է LinkedIn պրոֆեսիոնալ կայքի անմիջական մրցակիցը։
 

Facebook-ը թողարկել է աշխատանքի որոնման Social Jobs հավելվածը