Աստղագետները «որբ» մոլորակ են հայտնաբերել
Ամերիկացի աստղագետները «որբ» մոլորակ են հայտնաբերել, որն «առանց աստղերի ուղեկցության թափառում է տիեզերքում»՝ Երկրից 100 լուսային տարի հեռավորության վրա, գրում է Daily Mail-ը։
Անկախ մոլորակը կոչել են CFBDSIR 2149 և, ըստ ամենայնի, այն գազային զանգվածով հսկայական մի մարմին է, որը 6-7 անգամ ավելի մեծ է Յուպիտերից։ Մասնագետները ենթադրում են, որ մոլորակն անհայտ պատճառներով անջատվել է իր հարազատ համակարգից՝ թափառելով անծայրածիր տիեզերքում։
Աստղագետների կարծիքով՝ CFBDSIR 2149-ը ձևավորվել է 50-120 մլն տարի առաջ և, ըստ տիեզերական չափանիշերի, համարվում է համեմատաբար երիտասարդ մոլորակ։ Հաշվի առնելով մոլորակի տարիքը՝ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ջերմաստիճանը CFBDSIR 2149-ի վրա պետք է լինի մոտ 430 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։
Աստղագետները նաև չեն բացառում, որ տիեզերքում հնարավոր է էլի գտնվեն առանց աստղերի մոլորակներ։










