Ստեղծվել է արհեստական մաշկ, որը զգում և ինքնավերականգնվում է (լուսանկարներ)
Սթենֆորդի համալսարանի գիտնականները արհեստական մաշկ են ստեղծել, որը ինքնավերականգնվում է նրա վրա պատռվածք գոյանալուց կես ժամ անց, հաղորդում է infoniac.ru-ն:
Համալսարանի գիտական խումբը` Չաո Վանգի ղեկավարությամբ ստեղծել են պլաստիկից սինթետիկ նյութ, որը բաղկացած է մոլեկուլների երկար շղթայից, որոնք միակցված են համեմատաբար թույլ ջրածնային կապերով: Դա նշանակում է, որ մոլեկուլները հեշտությամբ տրոհվում են: Դրանց են ավելացվել նիկելի փոքրիկ մասնիկներ, որոնք պլաստիկին ամրություն և հաղորդիչ հատկություն են տալիս:
Արդյունքում ստացվել է մի պոլիմեր, որը տարօիրնակ հատկություններ ունի` ինքնավերականգնվող, ճկուն և հաղորդիչ:
Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Մոլեկուլները հեշտ տարանջատվում են, իսկ երբ նրանք նորից միանում են, կապերը վերադասավորվում են և վերականգնում նյութի վնասված մասի կառուցվածքը:
Որպեսզի ներկայացվեն ինքնավերականգնվող հատկությունները, գիտնականները կտրել են այն՝ բաժանելով երկու մասի և հետո նյութի կտորները մի քանի վայրկյանով միացրել են: Կես ժամ անց նյութը բացարձակապես ամբողջությամբ վերականգնել է իր նախկին ամրությունը: Պրոցեսը կրկնել են 50 անգամ, և ամեն անգամ նյութը սկզբնական վիճակին է եկել:
«Նույնիսկ մարդու մաշկը վերականգնվում է միայն մի քանի օրվա ընթացքում», - պարզաբանել է գիտնականը:
Դրանից բացի հետազոտողները ստուգել են, թե ինչպես կարելի է արհեստական մաշկը օգտագործել որպես տվիչ, որպես զգայուն նյութ:
Այսպես, քանի որ նյութը ճկուն է, ապա նրա սեղմումը կամ ձգումը փոխում է նիկելի մասնիկների միջև հեռավորությունը, այսինքն՝ էլեկտրոնների փոխանցման բարդացան կամ պարզեցման է հանգեցնում:
Էլեկտրական լարման նման փոփոխությունները տեղեկություններ են հաղորդում մաշկի վրա ճնշման կամ լարվածության մասին, այսինքն ստիպում են, որ այն զգա:
Գիտնականները հույս ունեն, որ նոր արհեստական նյութը հնարավոր կլինի օգտագործել պրաթեզավորման ոլորտում և էլեկտրոնային սարքերի պատման համար:










