Հետանցումային հայացք փոթորիկներին
Ոչ մի փոթորիկ, անկախ ուժգնության իր մակարդակից, անվնաս չի անցնում տեղանքի համար: Բացի մարդկային կյանքի կորուստներից, մեծածավալ առերևութային վնասներից, մեծապես խաթարվում է տվյալ գոտու էկոհամակարգը:
Օրինակ` Կատրին փոթորկի ամենահարատև վնասը հենց բնապահպանական վնասն է հանդիսացել, որն իր ուղիղ բացասական ներգործությունն է ունեցել հանրային առողջության վրա Նոր Օռլեանում: Վերլուծաբանների գնահատմամբ` արդյունաբերական թափոնների, նավթի արտահոսքն անհետևանք չի կարող անցնել, նախ և առաջ, հանրային առողջության համար:
Սենդի փոթորկի հասցրած ամբողջական վնասների պատկերը դեռ վերջնական վերագնահատման կարիք կունենա, կարծում են ամերիկացի մասնագետները: Խոսելով Սենդի փոթորկի և առհասարակ վերջին տասը տարվա ընթացքում առաջացած փոթորիկների մասին` գիտնականները հիմնականում փոխկապակցել են դրանք գլոբալ տաքացման հետ:
Գիտնականների մի խումբ հավատացած է, որ մարդկային գործունեությունն է էապես անդրադարձել գլոբալ տաքացման վրա, այն է` առաջացրել է օդի, ջրի ջերմաստիճանների բարձրացում ամբողջ աշխարհում, ինչն իր հերթին խթանել է փոթորիկների առաջացման վտանգը: Նման մարդկային գործունեության օրինակներից եվրոպացի գիտնականները տարանջատել են անտառահատումը, ջերմոցային գազերի արտանետումները, մեծածավալ արդյունաբերական, գյուղատնտեսական գործընթացները:
Կրկին անդրադառնալով Սենդի փոթորկի հասցրած էկոլոգիական վնասներին` նշենք, որ ըստ Riverkeeper ամերիկյան բնապահպանական խորհրդատվական խմբի` փոթորկի հետևանքով Նյու Յորքի նավահանգիստ է լցվել թունաքիմիկատների մի մեծ պաշար, բենզինի թափոններ, արդյունաբերական, առևտրային և բնակարանային աղբ, վտանգված են գետերը: Ինչպես նշել է Riverkeeper-ի խոսնակ Ջոն Լիփսկոմբը, վատթարագույնն այն է, որ աղտոտումը կատարվել է ոչ թե մեկ աղբյուրի արտահոսքի պատճառով, այլ բազմաթիվ ուղղություններով:
Այլ հետևանքներ
Փոթորիկները նաև մեծ ազդեցություն են ունենում ջրային և ստորջրյա էկոհամակարգերի վրա` անհետանում են ստորջրյա աշխարհի բնակիչները, վնասվում են կորալները, ստորջրյա հատակը, փոխվում է ջրային հոսքի ուղղությունը, նշել են բրիտանացի մասնագետները: Սակայն հիմնական վտանգը և բացասական ներգործությունը, որն առանձնացնում են գիտնականները, թունաքիմիկատների ներթափանցումն է ստորջրյա աշխարհ:
Որպես մեկ այլ հետևանք` գիտնականները նշել են փոթորիկների մոլեգնման հետևանքով տվյալ տարածքում բացասական մետաղատարրերի պարունակության բարձրացումն օդում:
Մասնագետների գնահատմամբ` փոթորիկների ազդեցությունն իր ներգործությունն է ունենում նաև փոթորկի գոտում ծնելիության մակարդակի վրա: Ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրել են գրեթե 105 հազ. հղի կանանց ծնելիության կամ հղիության ընդհատման ցուցանիշները Կատրին փոթորկի հետանցումային 6-9 ամիսների ընթացքում: Պարզվել էր, որ հետանցումային շրջանում Միացյալ Նահանգներում բարձրացել էին ծնելիության բնական ընդհատման, վաղաժամ ծնելիության ցուցանիշները:
Իսկ թե ինչու են փոթորիկներն անվանում կանանց անուններով
Փոթորիկները սկսել են անվանել կանանց անուններով` սկսած 1953թ.` հետևելով նավերը իգական անուններով կոչելու ընդունված սովորույթին: Փոթորիկներն անվանվում են կանանց անուններով Ժնևի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մասնագետների կողմից` ըստ այբբենական կարգի: Յուրաքանչյուր վեց տարին մեկ ցուցակը թարմացվում է:
Պարտադիր պայման է, որպեսզի անունները լինեն կարճ և դյուրընթեռնելի: Բացի այդ, հաշվի է առնվում, թե որ տարածաշրջանում է մոլեգնում փոթորիկը` խաղաղօվկիանոսյան, ատլանտյան, թե տրոպիկական:
Փոթորիկների անունները կարող են 6 տարին մեկ կրկնվել, բացառություն են կազմում փոթորիկների անունները, որոնք ամենամեծ վնասն են հասցրել մոլորակի բնակչությանը, օրինակ` Կատրին փոթորիկը: Նշենք, որ Ատլանտյան օվկիանոսում փոթորկի սեզոնը սկսվում է հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:










