Արզնիում փորձարկվեցին հայ երիտասարդների պատրաստած անօդաչու թռչող սարքերը (լուսանկարներ, տեսանյութ)

15:18 • 17.11.12

Անօդաչու թռչող սարքեր պատրաստած 6 թիմեր այսօր իրենց ուժերը փորձեցին «ԱրմՌոբոտիքս» մրցույթի փորձնական թռիչքի փուլում: Սարքերի թռիչքը տեղի ունեցավ Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում: Փորձնական թռիչքի նպատակն էր ստուգել սարքերի պատրաստվածության մակարդակը և մասնակիցներին հնարավորություն ընձեռել մրցութային իրական պայմաններում փորձարկումներ անել:


Փորձնական փուլում անգամ մասնակիցները մինչև 30 միավոր վաստակելու հնարավորություն ունեին: Նրանց աշխատանքներին էր հետևում պրոֆեսիոնալ ժյուրին, որի անդամներից «Փուլ» ՍՊ ընկերության տնօրեն Հրաչ Մակարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցույթը շատ բարձր է գնահատում, իսկ պատրաստվածության մակարդակն, ըստ նրա, սպասվածից ավելին է:


«Մեծ մրցակցություն կա թիմերի միջև: Նախորդ փուլերն անցել են սենյակային պայմաններում՝ ուսումնասիրել ենք գծագրերը, իսկ մյուս փուլում առաջադրանք է լինելու, որ սարքերը 200-300 գրամ բեռ փոխադրեն պահանջվող վայր»,- ասաց նա:


Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը նշեց, որ ներկայացված աշխատանքներն ընդամենը ճանաչողական բնույթ են կրում: Ըստ նրա՝ մրցույթի նպատակը ոչ այնքան ավտոպիլոտային համակարգերի ստեղծումն է, որքան դրանց օգտագործումը:


«Ես համոզված եմ, որ մեր գործունեությունը շարունակական է լինելու, և մենք մի քանի տարի հետո կհասնենք ցանկալի արդյունքի: Այս սարքերը դեռևս միջազգային ասպարեզում այդքան էլ մրցունակ չեն, բայց մեր ավիացիոն ինստիտուտի պատրաստած սարքերը կարող են մրցել»,-ասաց նա:


Անօդաչու թռչող սարքերի մրցույթի հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևորելով անօդաչու սարքեր պատրաստելու ծրագիրը՝ նշեց, որ հեռանկարային է և ծառայելու է քաղաքացիական նպատակներով:


«Ձեր աչքով տեսնում եք, թե մեր երիտասարդները ինչ են կարողանում ներկայացնել: Մենք պետք է կարողանանք մեր հարևաններին ապացուցել, որ ունակ ենք, կարող ենք: Ընկերությունները պետք է օժանդակեն նման ծրագրերին, որ մենք ավելի կարողանանք ստեղծագործել՝ մեր երիտասարդների միջոցով»,- ասաց նա և հավելեց, որ պատրաստ է ամեն կերպ օժանդակել, որ նմանատիպ ծրագրերը զարգանան:

 


 

 

Արզնիում փորձարկվեցին հայ երիտասարդների պատրաստած անօդաչու թռչող սարքերը (լուսանկարներ, տեսանյութ)