Մարդը կարող է գոյատևել Մարսի վրա. Curiosity-ի տվյալներ
Ամիսներ առաջ դեպի Կարմիր մոլորակ ուղարկված Curiosity տիեզերական սարքն արել է անչափ կարևոր մի բացահայտում, ինչից կարելի է ենթադրել, որ մարդը կարող է գոյատևել Մարսի վրա, գրում է Взгляд-ը։
Մարսագնացի տվյալների համաձայն՝ Մարսի վրա ճառագայթման մակարդակն իրականում համեմատելի է Երկրի ցածր ուղեծրերի ճառագայթման մակարդակի հետ։ Նախկինում գիտնականները գտնում էին, որ Կարմիր մոլորակի վրա ճառագայթման մակարդակն ամենալուրջ խոչընդոտներից մեկն է, որի պատճառով մարդու բնակությունն այդտեղ անհնար էր համարվում։
«Միանգամայն վստահ կարելի է ասել, որ տիեզերագնացները կարող են ապրել նման պայմաններում»,-նշել է գիտնական Դոն Հասլերը։
Երկիր մոլորակի բնակիչներին արևային ճառագայթումից պաշտպանում է հզոր մագնիսական դաշտը, որը բացակայում է Մարսի պարագայում։ Հենց այս հանգամանքն էլ ստիպում էր մասնագետներին կասկածի տակ առնել այն հարցը, թե արդյոք տիեզերագնացները կարո՞ղ են ողջ մնալ Կարմիր մոլորակի վրա վայրէջք կատարելուց հետո։
Սակայն վերջին հետազոտական տվյալները վկայում են, որ Մարսի մթնոլորտն իրենից հուսալի պատնեշ է ներկայացնում տիեզերական արագընթաց մարմինների համար։ Այնուամենայնիվ, Հասլերը նշել է , որ Curiosity-ի ներկայացրած տվյալները դեռևս նախնական են և դրանցում վերջնականապես համոզվելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ։










