iDas.am կայքը հնարավորություն կտա ուսանողներին և դասախոսներին ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել. դասախոս

21:07 • 19.11.12

Դեկտեմբերի առաջին կեսին հատուկ ուսանողների համար կբացվի iDas.am կայքը: Կայքի նախաձեռնողը երիտասարդ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Հայկ Ակարմազյանն է, ում պնդմամբ՝ կայքը հնարավորություն կտա ուսանողներին և դասախոսներին ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել:

«iDas.am կայքը հնարավորություն կտա ոչ միայն ուսանողներին, այլ դասախոսներին ևս հրաժարվել դասավանդման ավանդական մեթոդներից, այսինքն՝ գրատախտակ, կավիճ, դասախոսություն թելադրելու փոխարեն՝ անցում կատարելով ժամանակակից տեխնոլոգիաների: Ուսումնական նյութերը էլեկտրոնային տարբերակներով կարող են տեղադրվել մեր կողմից ստեղծված կայքում: Արդյունքում դասախոսը կարող է թելադրելու փոխարեն ավելի շատ ժամանակ տրամադրել ուսումնական նյութի բացատրմանը, իսկ ուսանողը՝ կայքից նյութերը ներբեռնելով, կունենա ընկալման ավելի շատ ժամանակ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց կայքի հիմնադիր Հայկ Ակարմազյանը:


Ըստ նրա, բացի դասախոսություններից, կայքում կտեղադրվեն նաև ուսումնական այլ նյութեր՝ շնորհանդեսներ, առաջադրանքներ, քննական նյութեր և այլն. «Ուսումնական նյութերի այն բոլոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են ուսանողներին»:


Դասախոսը նկատում է, որ կայքը ուսանողներին կօգնի նաև օգտվել այլ դասախոսների նյութերից: «Նույն թեմայով երկու օրինակ տեսնելով՝ ուսանողները կարող են օգտվել և լրացնել»,- ասաց նա: Հայկ Ակարմազյանը նշեց, որ հենց իր կողմից դասավանդվող առարկաների օրինակով էլ պատրաստվում է գործարկել կայքը:


Ըստ տեխնիկական գիտությունների թեկնածուի՝ կայքի օգտակարությունը միայն ժամանակի արդյունավետ օգտագործմամբ չի սպառվում: Նրա խոսքով՝ այն հնարավորություն կտա ուսանող-դասախոս մասնագիտական շփման եզրերն ընդլայնելուն:


«Ուսանողները կարող են արտալսարանային կապի մեջ լինել դասախոսների հետ, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները: Կայքը կարող է նպաստել նաև կրթության որակի բարձրացմանը: Դասախոսության էլեկտրոնային տարբերակի, մուլտիմեդիոն նյութերի առցանց գոյությունը բացառում է թյուրըմբռնումը: Հստակ տրվող ուսումնական նյութը կարող է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց նա:


Հայկ Ակարմազյանի խոսքով՝ ենթադրվում է, որ այլ բուհերից դասախոսներ նույնպես կմիանան, որի արդյունքում iDas.am-ը մեկ դասախոսական կայքից կարող է վերածվել ընդարձակ պորտալի:


«Մշակվել է բավականին պարզ կառուցվածք, հեշտ է լինելու, և ցանկացած դասախոս, ցանկության դեպքում, կարող է ինքնուրույն տեղադրել իր սեփական նյութերն ու միանալ այս ծրագրին»,- ասաց նա:


Դասախոսը նկատում է, որ, իհարկե, պետք չէ մտածել, որ բոլորն անմիջապես կմիանան. «Առաջինն, իհարկե, ծրագրին կմիանան առաջադեմ դասախոսները, գործընթացը կմեկնարկի, իսկ հետագայում կաշխատենք ընդլայնել, թե որքան կզարգանա, դա ժամանակի խնդիր է»,-ասաց նա և ավելացրեց, որ ծրագիրը աշխատելու են մաքսիմալ հրապարակայնացնել:


Ի դեպ, ծրագրի իրականացման համար հիմնական միջոցները տրամադրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:



 

iDas.am կայքը հնարավորություն կտա ուսանողներին և դասախոսներին ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել. դասախոս