Անտարկտիդայում հայտնաբերվել են երկրագնդի ամենախոշոր պինգվինի մնացորդները
Արգենտինացի գիտնականներն Անտարկտիդայում հայտնաբերել են երկրագնդի ամենախոշոր պինգվինի մնացորդները, որի հասակը եղել է մինչև 2 մետր, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական մամուլին։
Մասնագետները պարզել են կենդանու տարիքը, որը կազմել է մոտավորապես 34 մլն տարի։ Լա Պլատա քաղաքի թանգարանի հնէաբանի խոսքով՝ «հաշվարկները ցույց են տալիս, որ խոսքը մինչ այժմ հայտնի ամենախոշոր պինգվինի մասին է՝ թե՛ հասակի, թե՛ քաշի առումով»։
Գիտնականը նշել է, որ ներկայում գոյություն ունեցող այդ տեսակի կենդանիներից ամենամեծը կայսերական պինգվինն է, որի հասակը կարող է հասնել 1,2 մետրի։
Հսկայական պինգվինն ունեցել է զարգացած մկանային համակարգ, որը թույլ է տվել նրան տեղաշարժվել ջրում։
Հնէաբանները դեռևս դժվարանում են իրենց գտածոն պինգվինների որևէ տեսակի վերագրել, սակայն հույս ունեն հաջորդ գիտարշավի ժամանակ հայտնաբերել ավելի շատ մնացորդներ, որպեսզի շարունակեն իրենց հետազոտությունները։










