Արմեն Աշոտյանն ընդունել է միջազգային օլիմպիադայում հաղթած աշակերտներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին, տեղեկացնում է ԿԳՆ կայքը։
Շնորհակալական խոսք հղելով աշակերտներին, ուսուցիչներին, թիմի ղեկավարներին ցուցաբերած արդյունքի համար` նախարարը հիշեցրել է, որ մոտ երեք ամիս առաջ ՀՀ Նախագահն ընդունեց միջազգային օլիմպիադաներում մրցանակային տեղերի արժանացած աշակերտներին, շնորհավորեց և հույս հայտնեց, որ գալիք երկու աշակերտական օլիմպիադաներում ևս հայ աշակերտները կշարունակեն նվաճել մեդալներ և հաջողությամբ հանդես գալով` բարձր կպահեն Հայաստանի պատիվը:
«Անցավ երեք ամիս, և վերջին երկու` «Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների օլիմպիադաներում ևս մեր դպրոցականներն արձանագրեցին հերթական փայլուն արդյունքը` թվով 6 մեդալ, այդ թվում` 1 ոսկի, 1 արծաթ և 4 բրոնզ»,– ասել է նախարարը:
Արմեն Աշոտյանը նշել է, որ հաջողության պատմություններ արձանագրած աշակերտները մեր հպարտությունն ու ուրախությունն են և կրթական համակարգում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունավետության լավագույն ապացույցն ու աշխատանքի լավագույն հիմնավորումը, լավագույն սպեղանին` կրթական բարեփոխումներում իրականացվող խնդիրների հաղթահարման գործում։
Նախարարն ընդգծել է, որ համաձայն վիճակագրության, այս տարվա ցուցանիշներով` 16 օլիմպիական մեդալով Հայաստանի թիմը, Խորհրդային Միության նախկին երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ համատեղ, կիսում է 5-7-րդ տեղերը:
ԱՊՀ երկրների շարքում, ըստ նախարարի, Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մեկ շնչին ընկնող մեդալների քանակով` 2-3-րդ տեղերը:
Անդրկովկասի մյուս երկու երկրների` Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները զբաղեցրել են համապատասխանաբար 14-րդ և 15-րդ տեղերը:
«2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաների արդյունքով` Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ ցուցաբերելով ամենաբարձր արդյունքները»,– ասել է նա:










