Ferrari-ի 840 ձիաուժանոց հիբրիդը 1 մլն եվրո կարժենա

08:48 • 21.11.12

Ferrari Enzo-ի հետնորդը, որի թողարկումը նախատեսվում է առաջիկա գարնանը, ավելի մոտ կդառնա «Ֆորմուլա-1-ի բոլիդի» գաղափարին` հարմարեցված ընդհանուր օգտագործման ճանապարհներին: Այն ավելի թեթև և արագ կլինի քան Enzo-ն, և ավելի քան 840 ձիաուժ հզորությամբ ուժային ագրեգատ կստանա, հաղորդում է Autocar պարբերականը:


Ferrari-ի ապագա դրոշակակիրը, որը դեռևս հայտնի է F150 ծածկագրային անվանումով, ընդհուպ կմոտենա «մեկ ձիաուժ – մեկ կիլոգրամ քաշ» հարաբերակցությանը: Հաղորդվում է, որ սուպերմեքենայի քաշը իտալացիները կկարողանան պահպանել 1100 կիլոգրամի սահմաններում:


Autocar-ի տեղեկություններով, դա հնարավոր կլինի ածխածնի լայնածավալ կիրառման շնորհիվ:


Մասնավորապես, մեքենայի մոնոկոկը, որը մեքենայի հենահարթակի հիմքում կդրվի, կունենա 70 կգ քաշ, ինչը 20%-ով թեթև է Ferrari Enzo-ի մոնոկոկից:


Սուպերմեքենայի սիրտը կդառնա 6,3 լ ծավալով V12 շարժիչը, որը 740 ձիաուժ է ապահովում: Սակայն բենզինային շարժիչին օգնության կգա նաև էլեկտրականը, որը հավելյալ 100 ձիաուժ կապահովի:


Նոր Ferrari-ի պրեմիերան կլինի Ժնևի ավտոսրահում, իսկ մոտավոր գինը՝ 1 մլն եվրո:

 

Ferrari-ի 840 ձիաուժանոց հիբրիդը 1 մլն եվրո կարժենա