ԱՄՆ-ը սուզանավերի ինքնակառավարվող որսորդներ է ստեղծում

23:34 • 21.11.12

Սուզանավերը լրջագույն վտանգ ներկայացնող զինատեսակներ են, որոնց հիմնական առավելությունը աննկատությունն է: Նույնիսկ խաղաղ ժամանակ նրանք գաղտնի պարեկություն են անում պոտենցիալ հակառակորդի ջրերում և պաշտպանական ուժերին անընդհատ լարվածության տակ են պահում:
Դրանց հայտնաբերումը ոչ միայն ժամանակակից տեխնիկական միջոցներ է պահանջում, այլ նաև հատուկ հմտություններ և փորձ:


Այդ պատճառով ԱՄՆ-ը միջոցներ չի խնայում հակասուզանավային տեխնոլոգիաների զարգացման համար: Այդ նպատակով ԱՄՆ ՊՆ-ն նախատեսում է իր ջրային տարածքի պաշտպանության համար սուզանավերի ինքնակառավարվող որսորդներ կիրառել, հաղորդում է vesti.ru-ն:


Ամբողջությամբ ռոբոտացված այդպիսի նավերը ավտոմատ ռեժիմում պարեկություն կիրականացնեն և օտարերկրյա սուզանավ հայտնաբերելու դեպքում կհետապնդեն այն, մինչև սուզանավը ԱՄՆ-ի համար անվտանգ հեռավորության վրա հայտնվի:

Միևնույն ժամանակ այդ սարքերը զինված չեն լինի և չեն թաքնվի հակառակորդից:


«Խնդիրը մի համակարգ ստեղծելն է, որը ունակ է հայտնաբերել սուզանավերի տեղաշարժը և միևնույն ժամանակ խնդիրներ չառաջացնել վերջրյա նավերի համար», - ասում է National Robotics Engineering Center-ի Ջոն Դոլանը:

Հենց այդ հետազոտական կենտրոնն է SAIC ընկերության հետ համատեղ Պենտագոնի հետ 58 մլն ԱՄՆ դոլարի եռամյա պայմանագիր կնքել:


Նոր սարքերի ստեղծման ամենալուրջ խնդիրը դրանք՝ այլ տրանսպորտային միջոցների հետ բախումից ապահովումն է: Միջազգային կանոնների համաձայն բոլոր նավերը պետք է միջոցներ ձեռնարկեն կապի պահպանման և բախումների կանխարգելման ուղղությամբ: Թե ինչպես դա կիրականացվի ԱՄՆ նոր նախագծում՝ դեռ հայտնի չէ:


Նաև տվյալներ չկան նոր սարքերի չափերի և տեխնիկական համալրման վերաբերյալ: Հայտնի է միայն, որ դրանք երկարատև, անկախ եղանակային պայմաններց և առանց մարդու միջամտության պետք է պարեկություն իրականացնեն:
 

ԱՄՆ-ը սուզանավերի ինքնակառավարվող որսորդներ է ստեղծում