Synaptics-ի պատվավոր նախագահը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի գործարարների հետ

17:51 • 21.11.12

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը տեղեկացնում է, որ իր գլխամասային գրասենյակում հյուրընկալված Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը հանդիպել է ՏՏ ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ և հանդես եկել ինֆորմատիկայի ապագայի մասին դասախոսությամբ:

 

Դոկտոր Ֆաջինը Հայաստան է ժամանել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012թ. մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակը) ստանալու համար, և այցի շրջանակներում տեղի կունենա նախագահի մրցանակի հանձնման արարողությունը:

 

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Համաշխարհային ՏՏ մրցանակ» նախաձեռնությանը` այս ոլորտում այն հրաշալի գործիք համարելով բարձր վարկանիշ ունեցող Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորելու համար: Հայաստանը հսկայական չիրացված ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչի ճիշտ ուղղորդումը, կարող է նպաստել մեր երկրի տնտեսական աճի արձանագրմանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Մրցանակաբաշխության Գործադիր խորհրդի նախագահ, Հովիկ Մուսայելյանը վստահություն է հայտնել, որ մի քանի տարի անց այս մրցանակակիրները կբարձրացնեն Հայաստանի վարկանիշը։



«Վստահ եմ, որ տարիներ անց մենք կարձանագրենք, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր և հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, եկել են Հայաստան` իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիաների ժամանակակից մշակույթ և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչելիությունը, որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր»,-ասել է նա:



Համաշխարհային ՏՏ մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է այդ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ Հայաստանն ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում զարգացող կենտրոն լինելու իր հավակնությունը:

 

Դոկտոր Ֆաջինը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի երրորդ դափնեկիրն է: Նախկին դափնեկիրները` Ինտել կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն/տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը և Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մրցանակով են պարգևատրվել համապատասխանաբար` 2010 և 2011 թվականներին:

 

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացնում են ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեն և միջազգային ընտրող հանձնաժողովը: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և տեղեկատվական տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից: Մրցանակը ֆինանսավորել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
 

Synaptics-ի պատվավոր նախագահը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի գործարարների հետ