Ռուսական «Волк» մոդուլային զրահամեքենայի պետական փորձարկումները կավարտվեն 2013թ. (լուսանկարներ,տեսանյութ)
Ռուսական «Волк» մոդուլային զրահամեքենայի պետական փորձարկումները կավարտվեն 2013թ. երկրորդ կեսին. այս մասին հաղորդում է Ria novosti-ն` հղում կատարելով ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) մամուլի քարտուղար Սերգեյ Սուվորովին:
Սուվորովի խոսքով, 2013թ. սկզբին պետք է ավարտվեն մեկ այլ` СПМ-3 Медведь զրահամեքենայի պետական փորձարկումները: Այն ստեղծվում է ՆԳՆ ներքին զորքերի պատվերով:
Ըստ ՌԱՀ մամուլի քարտուղարի՝ Медвед-ի նկատմամբ հետաքրքրություն է արտահայտել նաև ՌԴ ՊՆ-ն: Սակայն այն բանակին մատակարարելու մասին, մինչև փորձարկումների ավարտը, դեռ վաղ է խոսել:
Ինչ վերաբերվում է «Волк»-ին, ապա բոլոր ավտոմեքենաները ստեղծված են մոդուլային սխեմայով, որը հնարավորություն է տալիս ավտոմեքենայի նշանակությունը փոխել մոդուլի փոխարինման եղանակով: «Волк»-ի վրա կարելի է տեղադրել հակատանկային հրթիռային համալիրներ, ականանետներ և մոտ տարածության ՀՕՊ զենիթա-հրթիռային համալիրներ: Մոդուլի փոխարինման գործողությունն այնքան է պարզեցված, որ այն կարելի է իրականացնել նույնիսկ դաշտային պայմաններում: Մեքենան 1,5–ից 4,5 տոնա քաշ կարող է ունենալ և տեղափոխել մինչև 18 մարդ: Զրահամեքենայի վրա տեղադրված ЯМЗ-534 շարժիչը համապատասխանում է Եվրո-4 և Եվրո-5 ստանդարտներին:
Սուվորովը նշել է, որ այդ ուժային ագրեգատները արդիականացման մեծ պոտենցիալ ունեն, և հնարավոր է դրանց հզորությունը հասցնել 300 ձիաուժի: Մեքենայի առավելագույն արագությունը ավելի քան 120 կմ/ժ է:
Շարժիչի հզորացման անհրաժեշտություն կարող է առաջանալ, օրինակ, զրահամեքենայի «Ba» դասի բազային զրահապատումը առավել ամրացնելու պարագայում:
«Վոլկը» համալրված է անկախ և փոփոխվող կոշտության կառավարվող կախոցներով, որոնք աննախադեպ անցողունակություն են ապահովում:










