Ավստրալացի գիտնականները ստեղծել են քնի խանգարումների դեմ պայքարող ակնոցներ

17:25 • 22.11.12

Ավստրալիայի «Ֆլինդերս» համալսարանի գիտնականները ստեղծել են հատուկ կանաչ լույս արձակող դիոդային ակնոցներ, որոնք օգնում են պայքարել քնի հետ կապված խանգարումների դեմ։ Բացի այդ, հեղափոխական ակնոցները հարկ եղած դեպքում բացարձակապես անցավ կերպով վերադասավորում են մարդու կենսաբանական ժամացույցները, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Re-Timer անվանումը ստացած ակնոցները լուսարձակում են աչքերի համար միանգամայն անվտանգ կանաչ լույս, որն ուղեղի կողմից ընկալվում է որպես արևային։ Արդյունքում՝ օրգանիզմում տեղի է ունենում ներքին ժամացույցների «խաբեություն»:


Իր ձևով Re-Timer-ն ավելի շատ նման է ջրասույզի ակնոցի՝ միայն թե առանց ապակու։ Միևնույն ժամանակ կարելի է կրել նաև սովորական ակնոցներ և հանգիստ աշխատել համակարգչի մոտ։

 

Արտառոց ակնոցները ստեղծած մասնագետների խոսքով՝ դրանք իրականություն դարձնելու համար իրենք աշխատել են 25 տարի։ Մասնագետները նաև ավելացրել են, որ եթե ակնոցները կրեն ամեն առավոտ 50 րոպե տևողությամբ, ապա տվյալ անձինք կդառնան «արտույտներ», այսինքն՝ կկարողանան շուտ արթնանալ։ Իսկ երեկոյան կրելու դեպքում՝ ակնոցները կօգնեն «բվերին» ուժերը թարմ պահել։
 

Ավստրալացի գիտնականները ստեղծել են քնի խանգարումների դեմ պայքարող ակնոցներ