Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Հայակ» մրցանակաբաշխությունը կկայանա 2013-ի ապրիլի 16-ին
Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Հայակ» մրցանակաբաշխության օրն ընտրված է, այն կկայանա 2013 թվականի ապրիլի 16-ին։ 1923 թվականի այդ օրն ընդունվել է կինոյի մասին դեկրետը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզան Բագրատունին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին իրականացվեց կենտրոնի «Կինո աշուն» շարունակական ծրագիրը՝ նախատեսված մարզերի, հեռավոր ու սահմանամերձ գյուղերի համար:
«Բացառապես հայկական ֆիլմերի ցուցադրություն էր։ Հոկտեմբերը համարվում է ազգային կինոամիս, և ասեմ, որ մարդիկ շատ-շատ գալիս էին: Տեղեր կան, որ տարիներով ֆիլմերի ցուցադրություն չէր կազմակերպվել»,- ասաց Ռուզան Բագրատունին:
Նոյեմբերին Հայաստանը դարձել է Եվրամիության «Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի» 40-րդ անդամը: Եվրոպական այս կառույցին Հայաստանի անդամակցության մասին հայտարարվել է Ստրասբուրգում` նոյեմբերի 6-9-ը կայացած «Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի» 20 ամյակին նվիրված գիտաժողովի և գործադիր խորհրդի նիստի ժամանակ:
«Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի» էքսպերտների իրականացրած հետազոտությունները կարևոր դեր ունեն միջազգային ասպարեզում, և Հայաստանի անդամակցությունը, ըստ Ռուզան Բագրատունու, հնարավորություն կտա զանգվածային տեղեկատվության եվրոպական մասնագետներին ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն և անցկացնելու իրավական դաշտի վերլուծություն:
«Դա մեկ տեղեկատվական բազա է, ողջ աշխարհի կինոտեղեկատվությունն է. և՛ փառատոներ, և մրցանակաբաշխություններ, կարճամետրաժ ֆիլմեր, գեղարվեստական, անիմացիա»,- նշեց կինոկենտրոնի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ չհանդիսանալով կինոարտադրող, Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հայ ռեժիսորներին:
2012 թվականին ֆիլմերի արտադրության համար նախատեսված բյուջետային հատկացումներն են արված հետևյալ գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի համար.
«Երկու աշխարհներից ի հիշատակ», բեմադրող ռեժիսոր՝ Եվգենիա Շեկոյան (Նիկա Շեկ)՝ 6.0 մլն, «Անվերջ վերադարձ», բեմադրող ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան՝ 26.0 մլն, «Ներում», բեմադրող ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան՝ 6.3 մլն, «Շաբաթ, կիրակի», «Բզեզ», բեմադրող ռեժիսոր՝ Սուրեն Բաբայան՝ 28.0 մլն, «Եթե բոլորը», բեմադրող ռեժիսոր՝ Նատալյա Բելյաուսկենե՝ 3.0 մլն, «Ապակե կախազարդ», բեմադրող ռեժիսոր՝ Արսեն Ազատյան՝ 6.0 մլն,
«Ձմեռվա խնձոր», բեմադրող ռեժիսոր՝ Արմեն Մկրտչյան (Ռոնով)՝ 17.5 մլն,
«Գաբրիել և Մարի», (Սրբագրողը), բեմադրող ռեժիսոր՝ Հովհաննես Գալստյան՝ 34.0 մլն, «Լակոտը», բեմադրող ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան՝ 8.0 մլն, «Ձայն լռության», բեմադրող ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան՝ 22.0 մլն, «Փարաջանով», բեմադրող ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան՝ 22.0 մլն, «Մոսկվիչ», բեմադրող ռեժիսոր՝ Արամ Շահբազյան՝ 32.187 մլն, «Կաթնեղբայր», բեմադրող ռեժիսոր՝ Վահրամ Մխիթարյան՝ 9.0 մլն, «Չնչիկ», բեմադրող ռեժիսոր՝ Արամ Շահբազյան` 8.0 մլն, «Սայաթ-Նովա»՝ 300 ամյակին նվիրված ֆիլմ, բեմադրող ռեժիսոր՝ Լիլիթ Մարտիրոսյան՝ 20.0 մլն, «Ռոմանտիկներ», բեմադրող ռեժիսոր՝ Արեգ Ազատյան՝ 9.0 մլն:
Սցենարական ցարգացում անվանակարգում նախատեսվել է՝ 2.0 մլն «Երվանդ Քոչար», սցենարի հեղինակ՝ Ռուբե Հովսեփյան, «Երկար վերադարձ», սցենարի հեղինակներ՝ Շավարշ Վարդանյան, Արեն Վաթյան։
Կարճամետրաժ, դեբյուտային, ուսանողական ֆիլմեր և «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի 4 թողարկում՝ 28.7 մլն։
Մուլտիպլիկացիոն ֆիլմերի ոլորտում. «Վիշապագորգ», բեմադրող ռեժիսոր՝ Գայանե Մարտիրոսյան՝ 30.0 մլն, «Անահիտ», բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Սահակյանց՝ 49.0 մլն, «Զագլիմոն», բեմադրող ռեժիսոր՝ Հայկ Սահակյանց՝ 4.0 մլն, «Զարմանադարանը», բեմադրող ռեժիսոր՝ Անդրանիկ Թորոսյան՝ 13.0 մլն։










