Սփյուռքի նախարարությունը և ԵՊՀ–ը համագործակցության պայմանագիր են կնքել
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր պայմանագիր են ստորագրեցին 2012-2017թթ. գիտակրթական և մշակութային համագործակցության վերաբերյալ, տեղեկացնում են Սփյուռքի նախարարությունից:
Այսուհետ գիտական, կրթական, գեղարվեստական գրականության, հետազոտական թեմաների պատվերներն ու հրատարակումը, ինչպես նաև միջոցառումների ու ծրագրերի համատեղ մշակումը, կազմակերպումն ու իրականացումը Հայաստանում և Սփյուռքում պայմանագրային բնույթ կկրեն:
Համատեղ կկազմակերպվեն գիտաժողովներ ու համաժողովներ, ուսանողների պրակտիկան: Կշարունակվի ԵՊՀ-ի հետ համատեղ Սփյուռքագիտության ամբիոնի գործունեության ապահովումն ու սփյուռքագիտության գծով մագիստրոս մասնագետների պատրաստումը, «Սփյուռք ամառային դպրոցի» գործունեությունը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պայամանգրի կնքումը կարևոր իրադարձություն է համարել մատնանշելով այն հիմնական ուղղությունները, որոնցով արդեն իսկ ծավալվել ու շարունակվելու է ընթանալ գործակցությունը:
Համագործակցության առաջին քայլը ԵՊՀ-ում Սփյուռքագիտության ամբիոնի հիմնումն էր ու մասնագետների պատրաստումը: Որպես 2-րդ ուղղություն նախարարը նշել է, որ գիտական կարևոր բոլոր համաժողովները կազմակերպում են համալսարանի հետ:
Համատեղ իրականացվող 3-րդ ուղղությունը հետազոտական աշխատանքներն են: Սփյուռքը բազմաշերտ է, ունի շատ խնդիրներ, որոնք նախարարությունն ուսումնասիրում է ԵՊՀ գիտնականների հետ:
«Մայր բուհը մեզ համար դարձել է այն հիմնարար կենտրոնը, որի հետ նախարարությունը հիմնադրման առաջին օրվանից գործակցում է»,- ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ կարևորելով հատկապես Սփյուռքի համայնքների պատմությունը գրի առնելու գործում ԵՊՀ մասնակցությունը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հերթին ասել է, որ ԵՊՀ-ն լրջորեն է մոտենում այս համագործակցությանը: «Մեր անցած ուղին կարճ է, բայց բազմաբովանդակ: Կարծում եմ` ձեռքբերումները թույլ են տալիս կառուցել համագործակցության միանգամայն նոր մակարդակ: Ուրախալին այն է, որ դասախոսական և ուսանողական նորանոր շրջանակներ են ներառվում այս համագործակցության մեջ»,- ասել է նա։










