Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Ավստրիայում

16:04 • 21.01.13

ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման և Հայ հնատիպ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հունվարի 17-ին, Ավստրիայի Գրաց քաղաքի Հոգևոր սեմինարիայի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել «Հայաստանի պատկերը Գրացի համալսարանի գրադարանի հավաքածուներում պահվող ձեռագիր և տպագիր գրքերում. Հայկական տպագրության 500-ամյակը» գրքույկի շնորհանդեսը: 


Ինչպես տեղեկացնում են Արտգործնախարարության մամուլի ծառայությունից միջոցառման կազմակերպիչն էր Ավստրիայում գործող PRO ORIENTE կրոնական իրավունքի հիմնադրամը` օժանդակությամբ Ավստրիայի Շթայերմարկ երկրամասի կառավարության, Գրացի Կառլ Ֆրանց համալսարանի, Կաթոլիկական կրթության հաստատության և Գրացի հայ եկեղեցական համայնքի:


Գրքի հղացման մասին խոսք է ասել և նրա բովանդակությունը ներկայացրել Գրացի համալսարանի Ձեռագրագիտության բաժանմունքի վարիչ, համալսարանի կազմում գործող VESTIGIA հետազոտական կենտրոնի ղեկավար դր. Պրոֆ. Էրիխ Ռենհարտը, ով նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի թվայնացման գործի կազմակերպիչներից է:


Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Մատենադարանի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ինչպես նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության հետ հայագիտության մարզում Գրացի համալսարանի արդյունավետ համագործակցության խնդրին, կարևորել և բարձր գնահատել Մատենադարանի ձեռագիր հավաքածուների թվայնացման գործում համալսարանի Ձեռագրագիտության բաժանմունքի և նրա վարիչ Էրիխ Ռենհարտի բերած մասնագիտական ու անձնական նպաստը: